Մոդին պաշտոնական այցով Կիևում է
Հնդկաստանի վարչապետն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Կիև:
«Խնդիրների լուծման միակ ճանապարհը բանակցություններն ու դիվանագիտական ջանքերն են։ Մենք չպետք է կորցնենք ոչ մի րոպե և պետք է շարժվենք այս ուղղությամբ։ Երկու կողմերը պետք է նստեն միասին և փնտրեն ճգնաժամից դուրս գալու ուղիներ», - հայտարարել է Նարենդրա Մոդին։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր՝ Մոդին, որը մեկուկես ամիս առաջ Մոսկվայում էր, համաձայնել է միջնորդ լինել Պուտինի և Զելենսկու միջև։
Մինչդեռ Մոսկվան Կուրսկի մարզ ուկրաինական բանակի ներխուժումից հետո մերժում է բանակցությունները։ Կիևից հայտարարում են, թե հարձակվելով Կուրսկի մարզի վրա՝ ուկրաինական կողմն ուզում է նորմալ օրակարգով բանակցություններ պարտադրել Մոսկվային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի արտգործնախարարն այցելել է Հնդկաստան
Մարտերն ու ռմբակոծությունը շարունակվում են
Սրան զուգահեռ թեժ մարտերն ու միմյանց տարածքի ինտենսիվ ռմբակոծությունը շարունակվում են։ Վերջին մի քանի օրերին ուկրաինական ուժերը մի քանի ճշգրիտ հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում ռազմավարական նշանակության օբյեկտների։
Այսօր առավոտյան ուկրաինական անօդաչուները կրկին թիրախավորել են Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթի նույն այն պահեստը, որին հարվածել էին օգոստոսի 18-ին։ Ինչ վնաս է հասցրել այսօրվա հարվածը՝ հստակ տեղեկություն դեռ չկա, սակայն նախորդ հարվածից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիան, հատուկ գնացքներն ու ավելի քան 500 փրկարարները չեն կարողանում մարել արդեն վեցերորդ օրը շարունակվող հրդեհը։
Երեկ երեկոյան էլ Ուկրաինայի ռազմածովային ուժերը հարվածել էին Կրասնոդարի երկրամասի «Կավկազ» նավահանգստին, ինչից հետո երկաթուղային լաստանավը խորտակվել է։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկը «Ազատության» եթերում այս տեղեկությունը հաստատել է. - «Այս լաստանավը ռուսական ռազմական նյութատեխնիկական ապահովման ամենակարևոր օղակներից մեկն է։ Այն ապահովում էր օկուպացիոն ուժերն առաջին հերթին, վառելիքով և քսանյութերով ու, իհարկե, նաև զենք էր փոխադրում»։
Ռազմածովային ուժերի ներկայացուցչի խոսքով՝ լաստանավը օրինական թիրախ էր ուկրաինացի զինվորականների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի մարզ ներխուժելու նպատակը, ըստ Զելենսկու, «ագրեսորի տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է»
Մի քանի օր առաջ էլ հարձակման էր ենթարկվել Վոլգոգրադի մարզի ռազմական օդանավակայանը։
Ինչ զենք են ուկրաինացիները կիրառում հարձակումների ժամանակ՝ պաշտոնական տեղեկություն չկա։ Կիևը խնդրում է դաշնակիցներին հանել ռուսական տարածքին արևմտյան զենքով հարվածելու արգելքը։ Վաշինգտոնը մասամբ բավարարել է Կիևի այս խնդրանքը։ Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է՝ Վաշինգտոնը թույլ է տալիս Կիևին ամերիկյան զենքն օգտագործել սահմանամերձ Կուրսկի մարզում թիրախներին հարվածելու համար։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային այն ամենի հարցում, ինչի կարիքը կա մարտի դաշտում: Մենք սկսում ենք ավելի լավ հասկանալ, թե ինչ են անում ուկրաինացիները Կուրսկում», - շեշտել է նա:
Կուրսկի մարզի մի քանի սահմանամերձ շրջան արդեն երկու շաբաթ է՝ ուկրաինական բանակի վերահսկողության տակ է։ Թեժ մարտերը շարունակվում են։ Ռուսներն այնտեղ են բերել նոր ռեզերվներ, սակայն չեն կարողանում իրենց տարածքից դուրս մղել ուկրաինական ստորաբաժանումները։
Շարունակվում են տարհանվելու կոչերը
Ավելին, դատելով տարհանման աշխարհագրությունից՝ ուկրաինացիները շարունակում են առաջխաղացումը Ռուսաստանի տարածքում, ընդ որում մարտերը ինչպես սահմանային շրջաններում են, այնպես էլ ավելի խորքում։ Կուրսկի մարզի իշխանությունները, մասնավորապես, տարհանվելու կոչ են արել ռուս- ուկրաինական սահմանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Ռիլսկ քաղաքի բնակիչներին։ Մարզկենտրոն Կուրսկի փողոցներում էլ տեղադրվում են երկաթբետոնե ապաստարաններ՝ ապագա հարձակումներից պաշտպանվելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանական հրթիռներ ռուսական զինանոցում. ի՞նչ կտա հավանական գործարքը Մոսկվային ու ԹեհրանինԿուրսկի մարզի վրա հարձակման ժամանակ ռուսաստանցի առնվազն 81 ժամկետային զինծառայող է անհետ կորել
BBC-ն այսօր հայտնել է, որ Կուրսկի մարզի վրա ուկրաինական հարձակման ժամանակ ռուսաստանցի առնվազն 81 ժամկետային զինծառայող է անհետ կորել։ Հայտնի է նաև գերեվարված առնվազն 25 ժամկետայինի անուն։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար պնդում էին, որ ժամկետային զինծառայողները մարտերին չեն մասնակցելու։
Կուրսկի մարզի վրա ուկրաինացիների հարձակումը չի խանգարում ռուսներին ինտենսիվ գրոհներով առաջ շարժվել արևելյան ճակատում՝ Դոնեցկի մարզում։ Ռուսական ուժերն արդեն մոտենում են ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկին։ Մինչ պատերազմը 60 հազարից ավելի բնակչություն ունեցող Պոկրովսկի իշխանություններն արդեն սկսել են տարհանել բնակիչներին։
Չափազանց լարված վիճակ է նաև Կուրսկի ատոմակայանի շուրջ։ Պետական TASS-ն այսօր հայտնել է, թե իբր «ատոմակայանի տարածքում հայտնաբերվել են խոցված անօդաչուի մասեր»։