Մատչելիության հղումներ

Իրանական հրթիռներ ռուսական զինանոցում. ի՞նչ կտա հավանական գործարքը Մոսկվային ու Թեհրանին


Շոյգու-Փեզեշքիան հանդիպում Թեհրանում, օգոստոս, 2024թ․
Շոյգու-Փեզեշքիան հանդիպում Թեհրանում, օգոստոս, 2024թ․

«Ռոյթեր»-ը հաղորդում է, թե «մոտ ապագայում Ռուսաստանն իրանական արտադրության բալիստիկ հրթիռներ կստանա», և արդեն այդ ուղղությամբ վարժանքներ է անցկացնում ռուսական զինված ուժերի հետ։

Ըստ վերլուծաբանների՝ նման գործարքը, եթե կայանա, նոր թափ կհաղորդի ռուսական ռազմական կարողություններին ու էլ ավելի կխորացնի համագարծակցությունը Թեհրանի և Մոսկվայի միջև։

«Ռոյթեր»-ը, հղում անելով հետախուզական ծառայություններում սեփական աղբյուրներին, օրեր առաջ հաղորդեց՝ Իրանը պատրաստվում է բալիտիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։ Ըստ գործակալության աղբյուրների՝ խոսքը մարտավարական բնույթի Fath 360 հրթիռների մասին է, որոնց հեռահարությունը 30-ից 75 կիլոմետր է։ Նույն աղբյուրի հաղորդմամբ, «Իրանը մտադիր է հարյուրավոր նման հրթիռներ մատակարարել Մոսկվային։ Այժմ մի քանի տասնյակ ռուս զինվորականներ Իրանում են՝ հրթիռային համակարգերի շահագործման վարժանքների մասնակցելու»։

Իրանական արտադրության Fath 360 բալիստիկ հրթիռներ, արխիվ
Իրանական արտադրության Fath 360 բալիստիկ հրթիռներ, արխիվ

Մինչ այս հրապարակումն էլ Ուկարինայի վրա Ռուսաստանի՝ երկու տարի առաջ սկսված պատերազմից ի վեր, մի շարք աղբյուրներ հաղորդել էին, թե Իրանը պատրաստվում է կամ արդեն իսկ բալիստիկ հրթիռներ է Մոսկվա ուղարկել։ Ուկրաինական կամ ամերիկյան պաշտոնական աղբյուրները, սակայն, այդ հաղորդումներից որևէ մեկը չէին հաստատել։

Վերուծաբանները ևս, որոնց հետ զրուցել է «Ազատություն»-ը, վստահ չեն՝ որքանով են արժանահավատ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական գործարքի մասին վերջին հաղորդումները, սակայն համոզված են, որ եթե դրանք հաստատվեն, Ռուսաստանի պատերազմական ներուժը նոր թափ կստանա, մինչդեռ Իրանը կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել։

«Ռուսաստանն ավելի վաղ թեքվել էր դեպի Հյուսիսային Կորեա՝ բալիստիկ հրթիռներ ստանալու համար, և այդ ժամանակ արդեն մտահոգություններ կային, որ Մոսկվան, զինանոցի ընդարձակման նպատակով կարող է նաև Իրանին դիմել», - «Ազատության»-ն ասել է Քարնեգի հիմնադրամի գիտաշխատող Նիկոլ Գրայևսկին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանում հանդիպում է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, հունիս, 2024թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանում հանդիպում է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, հունիս, 2024թ․

«Հնարավոր է՝ Հյուսիսային Կորեան ի վիճակի չէ բավարարել ռազմաճակատում առկա սուր պահանջարկը։ Հնարավոր է նաև, որ Մոսկվան ուզում է իրանական բալիստիկ հրթիռներ ձեռք բերել՝ Հյուսիսային Կորեայից կախվածությունը թուլացնելու համար, ինչը հնարավորություն կտա Մոկսվային խաղալ Փհենյանի ու Թեհրանի միջև և նրանց միմյանց դեմ հանել՝ իր իսկ օգտին», - ասել է Գրայևսկին։

Օգոստոսի սկզբին, երբ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն մեկնեց Թեհրան, կասկածները սաստկացան, որ Մոսկվան պատրաստվում է Իրանի հետ ռազմական գործարք կնքել։ Դա, փաստացի, իր տեսակի մեջ առաջինը չի լինի։

Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանում հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ, 5-ը օգոստոսի, 2024թ․
Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանում հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ, 5-ը օգոստոսի, 2024թ․

Ուկարինայի դեմ Ռուսաստանի պատերազմի առաջին ամիսներից բազմաթիվ են մեղադրանքները, թե ռուսական բանակն իրանական արտադրության «Շահեդ»-ներ և/կամ Mohajer-6 անօդաչուներ է գործածում։ Ուկրաինական կողմը մի քանի անգամ է դրանց բեկորներն ի ցույց դրել սեփական տարածքում, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերում։

Թեհրանը սկզբում հերքում էր, թե զինում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ, հետո ընդունեց, որ «սահմանափակ թվով անօդաչուներ է մատակարարել Մոսկվային՝ պատերազմից առաջ։ Իրանի այս բացատրությունները, սակայն, համոզիչ չէին, առնվազն Արևմուտքի համար։ Մոտ մեկ տարի է՝ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին օգնելու համար։

Նիկոլ Գրայևսկին նշում է՝ իրանական արտադրության անօդաչուները համեմատական առավելություն ունեն ռուսականների նկատմամբ՝ տեխնոլոգիայի, արտադրության ու գործածության առումով։ Բայց, բալիստիկ հրթիռների դեպքում «համագործակցության իմաստը ոչ թե որակի մեջ է, այլ՝ քանակի»։

Այդ ծավալի մատակարարումները կարող են ամրապնդել Իրանի հեղինակությունը զինարտադրության ոլորտում, մյուս կողմից՝ հնարավորություն կտան Թեհրանին ստուգել սեփական զինատեսակի կարողությունները մարտի դաշտում։

«Բացի այդ, կիրառական գործածությունը և Ռուսաստանի կողմից այդ զենքի ցանկացած արդիականացում, ըստ էության, կօգնի Իրանին բարելավել առկա թերությունները», - «Ազատության»-ն ասել է Նիկոլ Գրայևսկին։

Փորձագետները միաժամանակ վստահ են, որ Արևմուտքն այս համագործակցությանը կոշտ կարձագանքի։ Թեև ՄԱԿ-ի կողմից՝ Իրանի հրթիռների արտահանման կամ ներմուծման վրա դրված արգելափակումն ուժը կորցրել է անցած տարվա հոկտեմբերից, Միացյալ Նահանգները, ինչպես նաև եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, երկարաձգել են այդ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։

«Եվրոպական երկրները շատ հստակ նախազգուշացում են տվել Թեհրանին՝ եթե Իրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ մատակարարի, դա կարող է էլ ավելի բարդացնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի լուծումը»,-ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբանը։

Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Արևմուտքի բանակցությունները փակուղի են մտել և չի բացառվում, որ այս ֆոնին Թեհրանն այլընտրանքներ է փնտրում՝ ամրապնդելով համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Հայտնի է, որ Իրանն անցած շաբաթ մասնակցել է Ռուսաստանում ամեն տարի անցկացվող զենքի ցուցահանդեսին՝ ի ցույց դնելով իր զինարտադրության վերջին նմուշները, այդ թվում՝ Mohajer-10 դրոնները՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կիրառվող Mohajer-6 երի արդիականացված տարբերակները։ Էլ ավելի տպավորիչ էր բրիգադային գեներալ Ալի Շադմանիի ներկայությունը մոսկովյան ցուցահանդեսում։

Ալի Շադմանին մոսկովյան ցուցահանդեսում, արխիվ
Ալի Շադմանին մոսկովյան ցուցահանդեսում, արխիվ

Միջոցառումից մի քանի օր անց՝ անցած շաբաթ, Մոսկվայում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին հայտարարեց, թե Իրանն ու Ռուսաստանն այժմ աշխատում են նոր, համապարփակ համագործակցության պայմանագրի վրա, որը շուտով կստորագրվի։ Ըստ դիվանագետի՝ փաստաթղթի նախագիծը երկու երկրների արտգործնախարարներն արդեն ներկայացրել են իրենց երկրների նախագահական վարչակազմերին, և երբ դրանք հավանության արժանան, Պուտինն ու Փեզեշքիանը կստորագրեն։ Փաստաթղթի մանրամասները, սակայն, դեռ չեն հրապարակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG