Տավուշի մարզի հատվածական սահմանազատման ենթարկված գյուղերում Միջազգային ճգնաժամային խումբն ուսումնասիրել ու եզրակացրել է՝ մարդկանց մոտ «նյարդային վիճակ ու վախեր են» առաջացել։
Խմբի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանն «Ազատության»-ն ասել է՝ անգամ հարևան գյուղերում, որտեղ չեն առնչվել սահմանազատման հետ, մարդիկ անհանգիստ են՝ ի՞նչ կլինի վաղը, ի՞նչ է իրենց սպասվում ապագայում։ Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ, ասում է վերլուծաբանը։
«Դա, ասես, քարն է, որ ջուրն է ընկնում ու նրանից օղակներ են տարածվում։ Ու այնպիսի զգացողություն է, որ կողքի գյուղերում նույնիսկ ավելի մեծ վախեր են ի հայտ գալիս, ավելի շատ հարցեր են առաջանում, քան այն գյուղերում, որտեղ տեղի է ունեցել սահմանազատումը։ Ընդ որում՝ վախերը ոչ թե այսօրվա մասին են՝ ինչի հետ առնչվում են այսօր, այլ կապված են ապագայի հետ՝ ինչպես են ապրելու, ասենք, ադրբեջանցիների հետ, որոնք կհայտնվեն այստեղից ոչ հեռու։ Շփվելո՞ւ են նրանք ընդհանրապես, որովհետև, երբ դու պատ ես կառուցում, ենթադրվում է, որ դուք առանձնանում եք, կլինի՞ արդյոք համագործակցություն, ի վերջո հարևաներ են: Ու ինչ կլինի նախկինում՝ 80-90-ականներին տեղի ունեցածի հետ։ Ի վերջո հիմա մենք Կիրանցում ենք, այստեղ մարդիկ են զոհվել, իսկ այն կողմից մարդիկ զրկվել են իրենց տներից: Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել», - նշեց Վարդանյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միշտ էլ մեծ աջակցություն է ունեցել Տավուշի այս սահմանային գյուղերում։ Բայց սահմանազատումը փոխել է տրամադրությունները։ Փորձագետի դիտարկումներով, մարդիկ, որոնք 18-ի հեղափոխության ժամանակ ամբողջ գյուղն իրենց ետևից էին տանում՝ Փաշինյանի օգտին, այսօր ընդդիմության շարքերում են։ Ու նրանք, որոնք պետք է, որ աջակցեին սահմանազատման գործընթացին, հակառակը, խոսում են իրենց անհանգստությունների մասին:
«Ես հիշում եմ, երբ ես գալիս էի 18-19 թվականներին, մարդիկ այստեղ ընդհանրապես չէին ուզում անգամ մի քննադատական խոսք լսել ներկայիս կառավարության հասցեին, էլ չասեմ, որ բացառվում էր որևէ ընդդիմադիր շարժում։ Իսկ հիմա մենք մեծ փոփոխություն ենք տեսնում, զուտ այն պատճառով, որ գործընթացում անմիջականորեն ներգրավվեց վարչապետը։ Տեսնում ենք, որ եթե ինչ-որ բանում մեղադրում են, ինչ-որ բան դուր չի գալիս, ապա դա անձամբ նրան է ուղղված», - ընդգծեց վերլուծաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատերԴեռ գարնանը, սահմանազատման գործընթացի սկզբում երկրի ղեկավարը մի քանի անգամ անձամբ այցելեց սահմանային գյուղեր, հանդիպեց բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ սահմանազատումը ավելի հաստատուն կդարձնի խաղաղությունը, բայց միաժամանակ անվտանգության հստակ երաշխիքներ չէր տալիս։ Ի վերջո իրավիճակը հանգեցրեց մեծամասշտաբ բողոքի ակցիաների։ Դրանք սահմանից հասան մինչև մայրաքաղաք։
Բողոքի ակցիաներին զուգահեռ 12 կմ երկայնքով նոր սահման գծվեց, հայկական տներ ու տարածքներ անցան Ադրբեջանին։ Մինչև այսօր կառավարությունն այդպես էլ չի տվել հարցերի պատասխանը՝ ինչպե՞ս էին նախկինում սեփականության վկայականներ ստացել այն տարածքների համար, որոնք հետագայում պարզվեց, որ Ադրբեջանի քարտեզներում են եղել։
«Չնայած բարձրագույն ղեկավարության այն եռանդուն փորձերին ինչ-որ կերպ մարդկանց ինֆորմացնել, նրանց ներգրավել գործընթացում, ցավոք, վստահություն կառուցել այդպես էլ չհաջողվեց», - ասաց Օլեսյա Վարդանյանը։
Միջազգային ճգնաժամային խումբն այժմ վերլուծում է եղածն ու փորձում եզրակացնել՝ ինչպե՞ս Տավուշում տեղի ունեցած հատվածական սահմանազատումը կանդրադառնա սահմանային մյուս մարզերի վրա, այնտեղ ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, ինչը կարելի էր այլ կերպ անել, կանխատեսել կամ կանխել։ Ինչ-որ բան պետք է անել, ասում է վերլուծաբանը։ Ըստ նրա, իշխանությունների այն պնդումը, թե սահմանազատենք, ու դրանով սահմանի բնակիչները վաղվա օրվա նկատմամբ ավելի մեծ վստահություն կունենան անվտանգության հարցերում՝ դեռ չի զգացվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում սեփականության վկայականների հարցով քրգործ չկա՝ չնայած իշխանականների հայտարարություններին