Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը «վերջին անգամ» կփորձեն համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ թույլատրել Ուկրաինային Storm Shadow հեռահար հրթիռներով հարվածել ռուսական թիրախներին, գրում է The Telegraph-ը։
Թերթի տվյալներով՝ Մակրոնն ու Սթարմերը հարցը քննարկելու են այսօր Փարիզում:
Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածները կարող են փոխել պատերազմի ընթացքը։ Օրինակ, The Telegraph-ը նշում է, որ այն կօգնի կանգնեցնել ռուսական ինքնաթիռները, որոնք դուրս են գալիս ռմբակոծման համար։
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստ են թույլատրել Ուկրաինային օգտագործել Storm Shadow հրթիռները, որոնք ունեն մինչև 560 կիլոմետր հեռահարություն, սակայն սպասում են ԱՄՆ որոշմանը, որը վերջերս Ուկրաինային տրամադրեց ATACMS հրթիռներ՝ մինչև 300 կիլոմետր հեռահարությամբ։
ԱՄՆ-ում, սակայն, մտահոգված են, որ այդ «կանաչ լույսը» կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիայի՝ ներքաշելով նաև ՆԱՏՕ-ի երկրներին։
The Telegraph-ի զրուցակիցների խոսքով՝ Լոնդոնում այժմ ցանկանում են «առավել արդյունավետ» օգտագործել այն ժամանակը, որը մնացել է մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը՝ 2025-ի հունվարը։
Ուկրաինայում պատերազմից բացի, Սթարմերը և Մակրոնը կքննարկեն Թրամփի սպասվող նախագահության հետևանքները Մերձավոր Արևելքի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսներն առաջինը կիմանան Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվության մասին. Զելենսկու գրասենյակ