«Արդյոք պիտի ամբողջ երկրի տարածքով պատերազմ հայտարարվի, չգիտենք, անորոշություն է հիմա», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Լիբանանում տպագրվող հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանը:
Արդյոք ռազմական գործողությունները դուրս կգան Լիբանանի սահմանային՝ հարավային շրջաններից և կտարածվեն ողջ երկրով, թե՞ Իսրայել - Լիբանան - «Հեզբոլա» հակամարտությունն այս փուլում կավարտվի փոխադարձ թիրախային հարվածներով. սա գլխավոր հարցն է, որ այս օրերին տալիս են Լիբանանի հայ համայնքում։
Երեկ գիշերը Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» խմբավորումը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը։ Իսրայելի Պաշտպանության բանակն, ի պատասխան, հարվածել է հարավային Լիբանանին:
Շաբաթասկզբին իսրայելական կողմի թիրախավորել էր մայրաքաղաք Բեյրութի արվարձաններից մեկը, ինչի հետևանքով զոհվեց «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Ֆուադ Շուքրը։ «Հեզբոլա»-ն իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ որակեց Իսրայելի դեմ պայքարում։
Լարվածության աճի ֆոնին, մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորում են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։ Պաշտոնական Երևանը երեկ Հայաստանի քաղաքացիներին կոչ արեց ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳՆ-ը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց«Սպասողական լարված իրավիճակ է», - ասաց Շահան Կանդահարյանը:
«Ազդակ»-ի խմբագիրն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ անկախ հնչող հայտարարություններից և սպառնալիքներից, լայնածավալ հնարավոր պատերազմի մասին կանխատեսումներից, մարդկանց հոգեբանության վրա առավապես ազդում է երկու հանգամանք. նախ՝ որ միջազգային ավիաընկերությունները դադարեցնում են իրենց թռիչքները դեպի Լիբանան, և հետո՝ մթնոլորտը լարում են նաև օտարերկրյա դեսպանությունների հայտարարությունները, որոնք կոչ են անում իրենց քաղաքացիներին չայցելել Լիբանան կամ անհապաղ լքել այդ երկրի տարածքը:
«Բնականաբար, այս բոլորն ազդում է մարդկանց հոգեբանության կամ ընդհանրապես երկրում ձևավորվող հասարակական մթնոլորտի վրա», - նշեց Կանդահարյանը:
Լիբանանահայերի պնդմամբ, սակայն, այս պահին հայ համայնքի ներսում խուճապային տրամադրություններ չկան։ Բեյրութահայերից մեկը, անանուն մնալու պայմանով, «Ազատությանը» փոխանցեց, որ առայժմ երկիրը լքելու տրամադրություններ համայնքի ներսում չկան. - «Առայժմ էդպես բան չկա, ասենք, խուճապ, որ լքեն երկիրը, էդպես բան չկա, չէ, առայժմ»:
Լիբանանում աճող լարվածության պայմաններում հայկական երեք կուսակցությունները՝ դաշնակցականները, ռամկավարներն ու հնչակյանները, համատեղ նիստ են գումարել և տարբեր զարգացումներին նախապատրաստվելու նպատակով խորհրդակցություն անցկացրել:
«Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանն ասում է, որ հայ համայնքը նախկինում անցել է պատերազմական, սոցիալական և ֆինանսական տարբեր ճգնաժամային փուլերով և այս առումով մեծ փորձ է կուտակել:
Լիբանանում հայերի թիվը, տարբեր տվյալներով, հասնում է մի քանի տասնյակ հազարի։
«Չէի ասի, որ զանգվածային խուճապային տրամադրություն կա։ Բայց երբ որ, օրինակ, թռիչքը առկախում են, և հետզհետե նվազում է, նոսրանում է այդ թիվը թռիչքների, որոնք իրականացվում են Լիբանանից դուրս կամ հակառակ ուղղությամբ՝ դեպի Լիբանան, բնականաբար, սա ստեղծում է նաև գերխճողված իրավիճակ օդանավակայանում: Բայց զանգվածային խուճապ՝ փախչելու, հեռանալու և այլն, չէի ասի, որ նման մթնոլորտ կա», - ընդգծեց լիբանանահայ խմբագիրը:
Շահան Կանդահարյանը, որ լավատեսորեն է տրամադրված, ամեն դեպքում նշում է՝ եթե հանկարծ իրադարձությունները զարգանան վատագույն սցենարով, և ամբողջ Լիբանանը ներքաշվի պատերազմական գործողությունների մեջ, հայկական համայնքում անպայման գործի կդրվեն համակարգված մեխանիզմները՝ ժողովրդին օգնելու նպատակով:
«Չի բացառվում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, բայց նաև նույնքան հիմնավորումներ, տվյալներ, նախադրյալներ կան, որ չվերածվի լայնածավալ պատերազմի», - նշեց «Ազդակ»-ի խմբագիրը:
Ի դեպ, որոշ արևմտյան աղբյուրներ չեն բացառում Իրանի հարձակումը Իսրայելի վրա՝ նույնիսկ առաջիկա ժամերի ընթացքում։ Ըստ ամերիկյան Axios պարբերականի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Մեծ յոթնյակի» արտգործնախարարներին ասել է, թե դա կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամերի ընթացքում, բայց Սպիտակ տունը հարձակման կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն չունի։ Պետքարտուղարությունը, սակայն, պաշտոնապես նման տեղեկատվություն չի տարածել։
Հնարավոր հարձակման մասին կանխատեսումների ֆոնին այսօր աշխատանքային այցով Իրան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նախատեսվում է նրա հանդիպումը Իրանի նորընտիր նախագահի և Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։ Շոյգուն, ըստ ռուսական կողմի, Թեհրանում կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոյգուն մեկնել է Թեհրան