Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» խմբավորումը կիրակի գիշերը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը, հաղորդում են BBC-ն, Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդում է մի քանի տասնյակ հրթիռների մասին։ Դրանց մեծ մասը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը, մյուսներն ընկել են չբնակեցված վայրերում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր զինված ուժերը պատասխանել են՝ հրթիռակոծելով հարավային Լիբանանը:
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իրենց քաղաքացիներին հորդորել են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։
- Շաբաթասկզբին իսրայելական կողմի հարվածի հետևանքով զոհվեց «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Ֆուադ Շուքրը։ Կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալայի պնդմամբ՝ իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պայքարում։
- Ավելի վաղ Իրանը կոշտ պատասխան էր խոստացել Իսրայելին, որին Իրանի իշխանությունները մեղադրում են հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության մեջ։ Իրանն աջակցում է Լիբանանում գործող «Հեզբոլա» խմբավորմանը։
- Իսրայելը ոչ հերքել, ոչ հաստատել է իր մասնակցությունը սպանությանը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մեծ գին կպահանջի իր դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, որտեղից էլ այն լինի։