Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ մեկ տարուց ավելի հետաձգված համերգից նորություն հիմա էլ չկա, «Ազատություն»-ը պարզել է հարցումների միջոցով։
Ի պատասխան «Ազատության» հարցերի՝ Կրթության նախարարությունից հիշեցրել են, որ Սնուփ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ իրենք կազմակերպիչ ընկերության՝ «Դոպինգ Սփեյս»-ի հետ համաձայնագիր են կնքել դեռ փետրվարի 19-ին, համաձայն որի՝ «համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում»։
«Համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար պահանջվող ֆինանսավորումը իրականացվել է 2023 թվականին համաձայն նախարարության և «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի միջև կնքված Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության պայմանագրի», - հայտնել է գերատեսչությունը, ապա «Ազատությանն» առաջարկել հավելյալ տեղեկություն ստանալ հենց «Դոպինգ Սփեյս» ընկերությունից։
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց. - «Միայն ու միայն իշխանությունն է պատասխանատու հանրության առաջ հանրային փողերը ծախսելու համար: Իշխանության առաջ պատասխանատու է այն կազմակերպությունը, որը, այսպես ասած, կապալառուն է, պատվերը ստացել է: Մենք, դուք, ինձ թվում է, որ ավելի արդյունավետ է իշխանությունից պահանջենք հաշվետվություն, քան թե կապալառու կազմակերպությունից, մանավանդ Հայաստանի գործող օրենսդրությամբ մասնավոր ընկերությունը, շահույթ հետապնդող ընկերությունը այնպիսի պատասխանատվությամբ չի ծանրաբեռնված հանրության առաջ, ինչպիսի պատասխանատվությամբ ծանրաբեռնված է իշխանությունը»:
Բարսեղյանի կարծիքով՝ ոչ միայն համերգի ժամկետի, այլև բազմաթիվ այլ հարցեր ևս պետք է հանրությունն ուղղի հենց Կրթության նախարարությանն ու Կառավարությանը. - «Ինչո՞ւ 6 միլիոն դոլար հատկացնել մասնավոր ընկերությանը՝ ինչ-որ մեկի համերգը կազմակերպելու և ոչ թե մեկ ուրիշի համերգը կազմակերպելու: Ինչո՞ւ պիտի շահույթ հետապնդող կազմակերպությունը պետությունից այդպիսի պատվեր ստանա, մյուսները չստանան. ես Հայաստանում կարող եմ թվարկել մի 10 կազմակերպություն, որոնք կարող են ոչ թե 6 միլիոն դոլարի, այլ կես միլիոն դոլարի, 1 միլիոն դոլարի, 2 միլիոնի գնով տարբեր արտիստների համերգներ կազմակերպել այստեղ»:
Անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը հետաձգվեց Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ հարձակումից հետո: Համերգի կազմակերպման համար որպես դրամաշնորհ նախարարությունը հարկատուների գրպանից հատկացրել էր 6 միլիոն դոլար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սնուփ Դոգի հետաձգված համերգը Երևանում կկայանա 2024-ի մայիսին կամ հունիսինՍնուփ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի. ԿԳՄՍ նախարարSnoop Dogg-ի համերգը հետաձգվում է«Ազատություն»-ը շաբաթներ առաջ հարցեր էր ուղղել նաև «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ե՞րբ է կայանալու համերգը, ո՞րն է ձգձգման պատճառը, ի՞նչ պայմանավորվածություններ կան արտիստի ու նրա ներկայացուցիչների հետ, և այլն։ Թեև այս տարվա ավարտին երկու ամսից էլ քիչ է մնացել, դատելով այսօր մեզ ուղղված պատասխանից՝ ընկերությունը դեռ չգիտի, թե երբ կկայանա համերգը։ Փոխարենը՝ տեղեկացնում են. - «Արտիստի և նրա թիմի անդամների հետ քննարկումներն ընթանում են էլեկտրոնային նամակագրությամբ, հեռախոսազանգերի և անմիջական հանդիպումների միջոցով, որոնց արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով Սնուփ Դոգի ծանրաբեռնվածությունը: Արտիստի հետ անմիջական հանդիպման ընթացքում նա ընդգծել է Երևանում նախատեսվող համարգի կարևորությունը և այն իր գալիք համերգային ծրագրերում ընդգրկելու պատրաստակամությունը, որի վերաբերյալ իր թիմի անդամներին տվել է անհրաժեշտ ցուցումներ»:
«Այսինքն, եթե տոմս ծախելով կարելի էր էդ համերգը կազմակերպել էստեղ, պլյուս՝ զբոսաշրջային ներհոսքով ապահովել լրացուցիչ համախառն ներքին արդյունքի աճ, ի՞նչ կարիք կար էդտեղ նաև պետությա՛ն կողմից ֆինանսավորել: Էստեղ շատ տրամաբանական է թվում էն միտքը, որ էստեղ գործ ունենք մենք պետական անհիմն հովանավորչության հետ», - ընդգծեց Լևոն Բարսեղյանը:
Ավելի վաղ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով 6 միլիոն դոլարի այս ծախսը հիմնավորվել էր զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացմանը զարկ տալու անհրաժեշտությամբ։ Բայց «Ազատություն»-ը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո նկատել էր, որ համերգի կազմակերպման մասին 2023 թվականի բյուջեի տողում խոսվում էր ոչ թե զբոսաշրջության, այլ «ազգային հենքի վրա ժամանակակից երաժշտարվեստի և պարարվեստի զարգացման ու հանրահռչակման» մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սնուփ Դոգի համերգի նպատակն է «նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից երաժշտարվեստի զարգացմանը»