ՍԴ-ն սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց

Սահմանադրական դատարանը որոշեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Բարձր դատարանի դատավորները երեք օրում կայացրին այս որոշումը, այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Լրատվական ծառայության փոխանցմամբ՝ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի բարձր դատարանի կայքէջում։

Առաջիկայում կառավարությունը կանոնակարգը կուղարկի խորհրդարան՝ ներպետական վավերացման։

Մինչ Հայաստանում կանոնակարգը վավերացնելուն մեկ քայլ է մնում, Ադրբեջանում այս հարցի շուրջ անորոշություն է։ Բաքուն նույնիսկ չի հրապարակել դրա տեքստը։ Ավելին՝ հայտնի չէ, թե նորընտիր խորհրդարանը երբ կքննարկի այն։ Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան «Թուրան»-ին ասել է՝ քանի որ ծանոթ չէ փաստաթղթին, դժվար է ասել, թե ինչ ձևաչափով է նախատեսվում կանոնակարգի քննարկումը Ադրբեջանում։

«Ամեն դեպքում, տարածքների փոխանակման և տարածքի հարցը կարող է քննարկվել միայն հանրաքվեով, բայց ես չգիտեմ, թե ինչպես է դա նախատեսված հենց կանոնադրության մեջ», - նշել է Մուստաֆան։

Պատգամավորն ասում է՝ այս փաստաթուղթը գաղտնի են պահում. - «Կարելի է կռահել, որ կան հանրաքվեի հետ կապված հարցեր, կան հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն Միլլի Մեջլիսում, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ, և կան հարցեր, որոնք կարող են քննարկվել Սահմանադրական դատարանում»։

«Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի 2-րդ հոդվածում նշվում է, որ երկրի պետական սահմանը որոշվում է Միլլի Մեջլիսի որոշումներով։ Իսկ պետական սահմանների փոփոխությունը կարող է որոշվել միայն հանրաքվեի միջոցով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում և Ադրբեջանում ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգեր. վարչապետ

Իրավաբան Ֆուադ Աղաևն «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է, որ առանց փաստաթղթին ծանոթանալու հնարավոր չէ որևէ կարծիք հայտնել իրավական ընթացակարգի մասին:

«Իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ Կանոնակարգի տեքստին։ Փաստաթղթի վավերացման համար անհրաժեշտ է այն բերել խորհրդարանական քննարկման», - ասել է Աղաևը։

Ադրբեջանի «Իրավունք և զարգացում» հասարակական միության նախագահ Հաֆիզ Հասանովը ևս դժվարանում է կոնկրետ որևէ բան ասել. - «Սահմանադրական դատարան քննարկման դնելու հարց չկա, բայց ես չգիտեմ, թե ինչ կանոններ կան»:

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ունի յոթ հոդված։ Ըստ դրա՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ հնարավոր է հետագայում, խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։ Մյուս հոդվածները հիմնականում գործընթացի տեխնիկական մանրամասներին են վերաբերում։

Ըստ Հայաստանի իշխանությունների՝ սահմանազատման հանձնաժողովները Երևանում ու Բաքվում կանոնակարգի ներպետական վավերացումից հետո կշարունակեն մոտ 1000 կիլոմետր երկարությամբ սահմանի հետագա սահմանազատումը։

Մոտ 12 կիլոմետրը սահմանազատվեց գարնանը, երբ Հայաստանը Ադրբեջանին վերադարձրեց նախկին ադրբեջանաբնակ չորս գյուղերը՝ առանց այս կանոնակարգի։ Այն ժամանակ Հայաստանի իշխանություններն ասում էին, սա պիլոտային ծրագիր է, որով կողմերը հետագա գործընթացի համար փորձ ձեռք բերեցին։