Ռուսական բանակն ընդարձակում է առաջխաղացումը ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկի ուղղությամբ, ընդամենը մի քանի օրում ռուսներին հաջողվել է գրավել Ուկրաինայի զինված ուժերի հենակետերից մեկը՝ Նովոգրոդովկան, հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ այս դիրքերից արդեն ռուսները հիմա կարող են հարձակվել մարզկենտրոնի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրսկին մի քանի օր անցկացրել է Պոկրովսկի ճակատում և իրավիճակը բացառիկ ծանր է գնահատումՈւկրաինայի իշխանությունները մի քանի օր է՝ տարհանում են Պոկրովսկի ու հարակից Միրնոգրադի բնակիչներին։ Բայց բոլորը չէ, որ համաձայնում են թողնել իրենց բնակարանները:
Ուկրաինական DeepState վերլուծական նախագիծը պնդում է, որ ռուսները գրեթե ամբողջությամբ օկուպացրել են Նովոգրոդովկան, ինչը նշանակում է, որ առաջնագիծն այժմ անցնում է Պոկրովսկից 10 կիլոմետր հեռավորության վրա։
Մինչ պատերազմը 60 հազար բնակչություն ունեցող այդ քաղաքն առանցքային նշանակություն ունի ուկրաինական ուժերի համար, քանի որ հենց այդտեղով է անցնում ռազմական մատակարարման գիծը։
«Ուկրաինացիների նահանջում են ոչ միայն ռուսների ռազմական առավելության, այլև սեփական անկազմակերպվածության պատճառով», - «Ազատության» "Настоящее время" ծրագրի եթերում կարծիք է հայտնել ուկրաինացի ռազմական լրագրող Յուրի Բուտուսովը:
Վերջին չորս ամիսների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը միայն Պոկրովսկի ուղղությամբ կորցրել են ավելի քան 20 բնակավայր։ Իսկ ռուսական բանակը շարունակում է առաջ գնալ։
Զուգահեռ, հարվածների տակ են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը:
Վերջին չորս օրերի զանգվածային հարձակումների հետևանքով Ուկրաինայի մի շարք մարզերում խոցվել են էներգետիկ օբյեկտներ, հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայի մատակարարումներից։
Ուկրաինական կողմն էլ դիրքավորվում է Կուրսկի մարզում։ Ըստ անկախ փորձագետների՝ այս ամսվա սկզբից սկսված ներխուժման արդյունքում ուկրաինացիները Ռուսաստանում ավելի շատ տարածք են գրավել, քան ռուսները՝ Դոնբասում։
Այսօր նոր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է ուկրաինական զինուժը նռնակներ նետում Կուրսկում ռուսական ուժերի ուղղությամբ։ Reuters-ը արբանյակային լուսանկարների օգնությամբ հաստատել է տեսանյութի իսկությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ուժերը նահանջում են Դոնբասում, գրոհում՝ ԿուրսկումԱնհանգիստ է նաև Ռուսաստանի սահմանամերձ մեկ այլ՝ Բելգորոդի մարզում, որտեղ իշխանությունները շարունակում են տարհանել բնակչությանը՝ անվտանգության նկատառումներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական աղբյուրների պնդմամբ՝ ուկրաինացիները հարձակվում են նաև Բելգորոդի ուղղությամբԿուրսկից հեռացած տասնյակ ռուսաստանցիներ Reuters-ին ասել են՝ վստահ չեն, որ հեռվում իրենց տունը կանգուն է մնացել։
«Այս իրադարձություններից հետո կյանքը փոխվեց, իմ կարծիքով՝ ոչ դեպի լավը, քանի որ մենք մեր տանը չենք ապրում: Իհարկե, մեզ օգնում են, բայց հոգուս մեջ ցավ կա։ Հետևում ենք թողել այն, ինչ մեր ընտանիքը կուտակել էր, այն, ինչ կառուցել էինք տարիների ընթացքում։ Ստիպված ինչ-որ պահի թողեցինք ամեն ինչ ու դուրս եկանք: Թե ինչ կլինի հետո, դեռ պարզ չէ։ Առայժմ դիմանում ենք, ուրիշ տարբերակ չկա», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Մոսկվան այսօր կրկին հայտարարել է, թե Ուկրաինայի ներխուժումը Կուրսկ անհնարին է դարձրել բանակցություններն ու հակամարտությունը կարգավորելու այն առաջարկը, որ հունիսին նախագահ Պուտինն էր ներկայացրել։
«Բանակցությունների մեր պատրաստակամությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեր, թեև, իհարկե, Կուրսկի շրջանում արկածախնդրությունից հետո այս հարցի շուրջ ցանկացած խոսակցություն դառնում է անտեղի», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Կիևն ի սկզբանե էր մերժել Պուտինի առաջարկը, ըստ որի՝ Ուկրաինան պետք է հրաժարվեր արևմտյան դաշինքներին միանալու նկրտումներից և չորս շրջաններից։ Արդեն ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմի սկզբից ի վեր Կիևը հայտարարում է՝ սեփական տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող որևէ լուծում չի ընդունի։
Այս ֆոնին Ուկրաինայի արտգործնախարարը մեկնել է Բրյուսել, որտեղ այսօր բանակցում է Եվրամիության արտգործնախարարների հետ։ Ըստ Դմիտրի Կուլեբայի՝ Կիևի հիմնական նպատակն է համոզել դաշնակիցներին, որ թույլ տան Ուկրաինային օգտագործել արևմտյան զենքը ռուսական թիրախներին հարվածելու համար։