Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել։
«Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում», - հայտարարել է Բադասյանը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին, ՊԵԿ աշխատակիցներին։
Բադասյանը ևս ազատման պատճառների մասին հայտարարությունում չի նշել։
Նա ՊԵԿ նախագահն էր 2021-ի օգոստոսից։
Կիրակի օրը հայաստանյան մամուլը գրել էր, որ վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն մի շարք պաշտոնյաններ՝ մասնավորապես նշելով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի անունները։
Այսօր առավոտյան Փաշինյանը հաստատեց՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները՝ նշելով՝ պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել է։ Պաշտոնյաների անուններ հայտարարությունում գործադիրի ղեկավարը չէր նշել։
Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում։
«Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնները թողնելու մասին այսօր արդեն հայտարարել են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲԴԽ, ՀԿ, ՔԿ, ՊԵԿ նախագահները, ՏԿԵ, ՆԳ նախարարները լքում են պաշտոնները