Ռուսական կողմը երկու բնակավայր է գրավել Դոնեցկում
Ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ՝ ռուսական զորքը Դոնեցկի մարզում ևս երկու բնակավայր է գրավել՝ Բոգոյավլենկան և Նովոուկրաինան։ Կատաղի մարտեր են նաև Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի ուղղությամբ, հաղորդվում է, որ ռուս զինվորները գտնվում են քաղաքից 2-3 կիլոմետր հեռավորության վրա։
Իշխանությունները տարհանում են տեղի բնակիչներին։ «Ազատության» լրագրողները զրուցել են քաղաքում դեռևս մնացած վերջին բնակիչների հետ։
«Հանձնում են մեր քաղաքը, հանձնում, իսկ մենք ուզում ենք այստեղ ապրել, չենք ուզում այստեղից գնալ», - ասել է տեղացիներից մեկը։
Թեժ մարտեր են նաև Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում, որտեղ օգոստոսից տասնյակ բնակավայրեր են անցել ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Կիևը պնդում է, թե նրանց դեմ ռազմական գործողություններում Ռուսաստանը նաև հյուսիսկորեացի զինվորների է օգտագործում։ Մոսկվան այս տեղեկությունները ոչ հերքում է, ոչ հաստատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատերազմը միջազգայնացվում է»․ Զելենսկին՝ Հարավային Կորեայի նախագահին
Հարվածներ ՌԴ մի շարք մարզերի, ռուսական հարվածներ Կիևին
Մինչ այդ Ուկրաինան այս գիշեր 23 անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի մի շարք մարզերի։ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը վաղ առավոտյան շուրջ մեկ ժամ դադարեցրել է թռիչքները, պաշտոնապես, սակայն, որևէ բացատրություն չի հնչել։ Ռուսական կողմն էլ թիրախավորել է Դնեպրոպետրովսկի, Կիևի և Խերսոնի մարզերը, Խերսոնում զոհվել է երեք խաղաղ բնակիչ։
Անցած գիշերը նաև Կիևն է ռմբակոծվել, անօդաչուների բեկորներից հրդեհ է բռնկվել Սոլոմենսկի շրջանի բազմահարկ բնակելի շենքում։ Տուժել է 9 մարդ, այդ թվում՝ երեխա։
Կիևն ու Մոսկվան սկսել են քննարկումները՝ միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ. FT
Արդեն երկու տարուց ավելի շարունակվող մարտերին զուգահեռ, ինչպես բրիտանական Financial Times-ն է գրում, Կիևն ու Մոսկվան Կատարի միջնորդությամբ սկսել են նախնական քննարկումները՝ միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։ Կրեմլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով տեղյակ է բանակցություններից, թերթի հետ զրույցում պնդել է՝ դժվար թե նախագահ Պուտինը համաձայնի որևէ գործարքի, քանի դեռ ուկրաինական զորքերը դուրս չեն եկել Կուրսկի մարզից։
Զելենսկին Բայդենից խնդրել է ավելի քան 2000 կմ հեռահարությամբ Tomahawk հրթիռներ
Ամերիկյան New York Times-ն էլ գրել է, թե Զելենսկին Բայդենից խնդրել է ավելի քան 2000 կմ հեռահարությամբ Tomahawk հրթիռներ, սակայն ամերիկյան կողմը մերժել է խնդրանքը։ Ի թիվս այլ պատճառների նշվում է նաև, որ Կիևի այդ կարիքները բավարարելու դեպքում Նահանգները կարող է վտանգի տակ դնել ռազմական այն պաշարները, որոնք նախատեսված են Մերձավոր Արևելքի և Ասիայի հնարավոր խնդիրները լուծելու համար: NYT-ը, վկայակոչելով չորս աղբյուրների, նաև հայտնում է, որ Զելենսկին «ապշել է», երբ նախագահ Բայդենը սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ իրեն թույլ չի տվել օգտագործել ամերիկյան հեռահար հրթիռները Ռուսաստանի խորքերը հարվածելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կրկին սպառնացել է «պատասխանով», եթե Կիևին թույլատրվի հեռահար զենքեր կիրառել իր տարածքի խորքումԱրևմտյան երկրները բազմիցս են հայտարարել, որ դա կնշանակի ուղիղ հակամարտության մեջ մտնել միջուկային տերության՝ Ռուսաստանի հետ՝ է՛լ ավելի ընդարձակելով պատերազմի աշխարհագրությունն ու վտանգը։