Ռուբեն Վարդանյանի դեմ գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան

Բաքուն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել է զինվորական դատարան, ասվում է Ադրբեջանի դատախազության և պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 28-ին հաստատվել է երկրի գլխավոր դատախազի կողմից։

Արցախի նախկին պաշտոնյան Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Դեկտեմբերի 16-ին նրա պաշտպանական թիմը հայտնեց, որ Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ է առաջադրել: Այդ մեղադրանքներով, ըստ պաշտպանների հայտարարության, Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկար։

Ադրբեջանի դատախազությունն այսօրվա հայտարարության մեջ նաև նշել է, որ նախաքննության ընթացքում «ապահովվել են մեղադրյալի դատավարական իրավունքները»։ Մինչդեռ հայտնի գործարարի պաշտպանական խումբը ավելի վաղ հայտարարել է, որ զրկված են անգամ դատավարությանը պատշաճ պատրաստվելու հնարավորությունից, և որ այս գաղտնիությունը ևս մի ապացույց է, որ Վարդանյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները շինծու են ու քաղաքական:

«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում են»,- իր հերթին ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։

Ռուբեն Վարդանյանը որպես Ղարաբաղի պետնախարար պաշտոնավարեց 4 ամիս, Արցախի հայաթափումից հետո արդեն ավելի քան մեկ տարի բանտում է։ Նրա ընտանիքի անդամներն ու փաստաբանները զրկված են Վարդանյանին տեսակցելու հնարավորությունից։ Վարդանյանից բացի, ծանր մեղադրանքներ են առաջադրված նաև Արցախի մյուս նախկին պաշտոնյաներին։