Արցախի բանտարկված նախկին ղեկավարների դատավարության ընթացքում Ադրբեջանի հետ համագործակցելու առաջարկը հերթական խայծն է, կարծում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ Հայաստանի Հանրապետության դեմ և հայ ժողովրդի դեմ», - այսօր հայտարարեց Բեգլարյանը՝ շարունակելով. - «Ինչ են անում՝ այս առաջարկով նախ փորձում են կրկին Հայաստանին դնել այնպիսի դիրքում, պայմաններում, որ Հայաստանը մերժող կողմ լինի և, այսպես ասած, միջազգային հանրությունը դիտարկի, որ Հայաստանը այստեղ ապակառուցողական է: Մյուս կողմից՝ իրենք այս առաջարկով փորձում են նաև ձև տալ, այսպես ասած, որ շոու չէ, և իրենք պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել, և այլն, և նաև Հայաստանի Հանրապետությունից տվյալներ վերցնեն»:
Արցախի նախկին 8 պաշտոնյաների ու ևս 7 հայերի դեմ հարուցված մեղադրական եզրակացություններն օրերս ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան։
Բոլորին ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ցեղասպանության, ահաբեկչության, խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու ու մի շարք այլ հոդվածներով։
Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբաններն օրերս ահազանգել են, որ նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Մյուսների, այդ թվում Արցախի երեք նախկին նախագահների գործերից ավելի քիչ բան է հայտնի։
Բանտարկված 15 հայերի դեմ 1389 քրեական գործերը միավորած Ադրբեջանի դատախազությունից օրերս հայտարարել էին, թե «քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, հետևաբար Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության»։ Հայաստանի դատախազությունը չի մեկնաբանում Բաքվի այս կոչը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝ այս առաջարկը ծաղր է և ձևական բնույթ ունի։
«Ըստ էության, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նման առաջարկը ծաղր է կամ ձևական բնույթ է կրում, հատկապես այս փուլում, երբ քրեական գործը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ արդեն դատարան է ուղարկվել: Այսինքն՝ համագործակցությունը ենթադրում է հիմնականում նախաքննության փուլում ապացույց ձեռք բերել, վկաներ հարցաքննել և այլն», - ընդգծեց Մելիքյանը:
Բանտարկված նախկին պաշտոնյաներից միայն Ռուբեն Վարդանյանն արտասահմանցի փաստաբան ունի։ Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը վերջերս ասել էր՝ Ալիևի վարչակազմն այդպես էլ որևէ համոզիչ փաստարկ չի ներկայացրել՝ ապացուցելու, որ իր պաշտպանյալին բանտում չեն խոշտանգել։ «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում Գենսերը նաև ահազանգել էր՝ Ալիևի վարչակազմը հետևողականորեն մերժում է Բաքու այցելելու իր դիմումները։
Արտակ Բեգլարյանն ասում է՝ իր ունեցած տեղեկություններով ոչ միայն Վարդանյանը, այլև ադրբեջանական բանտում պահվող մյուս բանտարկյալներն էլ են նույն պայմաններում պահվում։
«Ես քանի որ կապ ունեմ մի խումբ այլ գերիների ընտանիքների հետ, տեղյակ եմ, որ բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով՝ հանրային պաշտպան կկոչենք թե ինչ: Ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն-երբեմն շատ հակիրճ զանգ են ունենում և բավականին սահմանափակ ինֆորմացիա են կարողանում փոխանակել; Եվ ակնհայտ է, որ մեր գերիները այնտեղ այնքան կաշկանդված են, որ չեն ուզում քրեական գործից խոսել», - նշեց Արցախի նախկին պետնախարարը:
Եթե բարձրաստիճան պաշտոնյաների մասին կցկտուր տեղեկատվություն ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ հրապարակում է, ապա կային մարդիկ, որոնց հարազատները սկզբում նույնիսկ նրանց գտնվելու վայրի մասին տեղյակ չէին, ասում է բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզող կազմակերպության իրավական փորձագետը։
«Իրենցից, ըստ էության, միայն 7-ի մասին մենք ունեինք տեղեկատվություն, որոնք որ բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք որ հրապարակային ասել են՝ ինչում են մեղադրվում, երբ են ձերբակալվել, բավականին շուտ ինֆորմացիա հրապարակվեց իրենց գտնվելու վայրի մասին: Ի տարբերություն նրանց՝ մնացածի մասով, ըստ էության, միայն Մադաթ Բաբայանի մասով ամիսներ անց ունեցանք տեղեկատվություն մեղադրանքի մասին փաստող ու ցույց տրվող հրապարակային, որ գտնվում է Ադրբեջանի իշխանությունների ձեռքի տակ, այսպես ասած», - ասաց Աննա Մելիքյանը՝ շարունակելով. - «Մնացած անձանց մասով մինչ օրս, այսինքն՝ մինչև այդ հրապարակային հաղորդագրությունը, որևէ հրապարակային տեղեկատվություն Ադրբեջանը չի տարածել՝ ասելով, որ այսինչ անձինք գտնվում են իր իշխանության ներքո, մեղադրվում են ինչ-որ բանում, ինչ-որ կարգավիճակ ունեն, և այլն: Ավելին՝ շաբաթներ անց միայն ընտանիքը առաջին անգամ կապ հաստատեց, գոնե իմացան գտնվելու վայրի մասին, ըստ էության՝ տեղեկություններ չկային: Եվ նման պրակտիկան շատ տարածված է Ադրբեջանի իշխանությունների կողմից»:
Առայժմ պարզ չէ՝ երբ կսկսվեն արցախցի նախկին պաշտոնյաների ու մյուս հայերի դատավարությունները և արդյոք դրանք հրապարակային կլինեն։ Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում։