Երրորդ շաբաթն է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո «Քաղաքացիական պայմանագրի» վարչությանը չի հաջողվում որևէ թեկնածություն հաստատել և ներկայացնել վարչապետ Փաշինյանին:
Մի փորձ արվեց անցած շաբաթ, բայց` անարդյունք: Վարչության անդամների առաջադրած չորս թեկնածուներից երեքն ինքնաբացարկ էին հայտնել, միակը, որ ցանկանում էր նախարար դառնալ, Արփի Դավոյանն էր: Սակայն թիմակիցները նրա թեկնածությունը մերժեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ վարչությունը մերժեց Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնումԱյժմ միայն վարչության անդամները չէ, որ թեկնածու առաջադրելու հնարավորություն ունեն: «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն «Ազատությանը» փոխանցեց. - «Թեկնածությունների առաջադրումը բաց է եղել վարչության անդամների համար, Ազգային ժողովի պատգամավորների համար և կուսակցության տարածքային կազմակերպությունների համար»:
Նախարար դառնալու մի պարտադիր պայման կա՝ լինել կուսակցական: «Ազատության» տեղեկություններով՝ ՔՊ-ականներն առաջադրել են վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, պատգամավոր Արմեն Խաչատրյանի ու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները: Բայց նիստը, որի ընթացքում պետք է այս թեկնածություններից մեկը հաստատվեր, չկայացավ՝ վարչության անդամներից շատերի բացակայության պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ վարչությունն արդարադատության նախարարի պաշտոնում դեռ թեկնածու չի հաստատելԹեկնածուներից երկուսը հրապարակային չեն խոսել նախարարի պաշտոնը զբաղեցնելու իրենց մտադրություններից: Վարչապետի խոսնակը զանգերին չի պատասխանում, որպեսզի պարզենք՝ դիտարկո՞ւմ է աշխատանքը փոխելու հնարավորությունը։ Փակագծեր չի բացում նաև փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը. - «Ես ասել եմ, որ էդ հարցով մեկնաբանություն տալը նպատակահարմար չեմ համարում»:
Մյուս երկու ՔՊ-ական թեկնածուները՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, չեն թաքցնում՝ պատրաստ են նախարար դառնալ: Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին միացած Խաչատրյանը, որ խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի անդամ է, հայտարարում է, թե համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների կարիք կա:
«Այսինքն՝ մենք պետք է բարձրացնենք դատարանի հեղինակությունը ժողովրդի առջև, պետք է բարձրացնենք հեղինակությունը, որպեսզի հնարավոր լինի ունենալ այնպիսի արդարադատություն, ինչին գոնե մենք նվազագույն ցանկություն ունենք», - ասում է Արմեն Խաչատրյանը:
Հստակություններ Խաչատրյանը չի մտցնում, բայց ասում է՝ վարչության նիստին թեկնածուները պետք է ներկայանան արդարադատության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրով, որում «պետք է ամփոփված լինի տեսլականը, թե առաջնային ինչ գործողություններ, ինչ միջոցառումներ են իրականացվելու նախարարի կողմից, եթե, ասենք, նախարար լինենք մենք կամ ես»:
Նախարարի պաշտոնի մյուս հավակնորդ Ալեքսանդր Սիրունյանն իրավաբան է, մի քանի գրքերի հեղինակ: Սիրունյանն ակտիվ է ֆեյսբուքյան հարթակում, ընդ որում՝ նրա գրառումները պարբերաբար ուղեկցվում են հայհոյանքներով և վիրավորանքներով՝ իշխանության ընդդիմախոսների հասցեին:
Այսօր արդարադատության նախարարի հավակնորդը միայն մեկ հարցի է հստակ պատասխանում՝ պատրաստ է դառնալ նախարար, իսկ ոլորտի խնդիրներից չի շտապում խոսել:
«Ես չգիտեմ, կարող է գնանք տեսնենք ամեն ինչ նորմալ է, պարզապես պահպանել է պետք եղածը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրունյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության հերթական նիստը երեքշաբթի է, Սիրունյանի խոսքով՝ հրավիրված են նաև թեկնածուները, 3-ից 5 րոպե ժամանակ կունենան իրենց ծրագիրը ներկայացնելու: