«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժեց սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Ինքը՝ Դավոյանը երեկվանից շրջանառվող տեղեկություններին չի արձագանքում, «Ազատության» զանգերին էլ չի պատասխանում: Հովիկ Աղազարյանը, որ վարչության անդամ չէ, նիստից շատ մանրամասներ չգիտեր, սակայն նշեց՝ Դավոյանը միակ թեկնածուն էր, բայց նրա՝ նախարար լինելուն դեմ է եղել կուսակցության ղեկավար մարմնի մեծամասնությունը. - «Միակ թեկնածուն է եղել և մերժվել է», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Վարչության անդամները կա՛մ զանգերին չեն պատասխանում, կա՛մ հրաժարվում են մանրամասնել՝ քննարկվե՞լ են այլ թեկնածություններ, և ինչո՞ւ են դեմ, որ Արփի Դավոյանը դառնա արդարադատության նախարար:
Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած նիստից հրաժարվեց մանրամասներ հայտնել նաև կուսակցության փոխնախագահը: Վահագն Ալեքսանյանը միայն նշեց. - «Կարող եմ ասել, որ այս պահին, այս պահի դրությամբ վարչության կողմից հաստատված թեկնածու չկա»:
Կուսակցության տարածած կարճ հաղորդագրությունում ընդամենը նշված է, որ քննարկվել են կադրային հարցեր՝ առանց այլ մանրամասների: Նիստից կես րոպեանոց տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կադրերից պարզ է դառնում, որ քննարկմանը ներկա են ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Հերիքնազ Տիգրանյանը, ովքեր կուսակցության վարչության անդամ չեն: «Ազատության» տեղեկություններով՝ բացի Արփի Դավոյանից նաև նրանց թեկնածություններն էին նախորդ նիստին առաջադրվել, սակայն երեքն էլ ինքնաբացարկ են հայտնել:
Թե ինչու են կուսակիցները հրաժարվել միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետին, պարզ չէ, պատգամավորները զանգերին չեն պատասխանում: Վարչության մեկ այլ անդամ Ռոմանոս Պետրոսյանն էլ հրաժարվեց փոխանցել նրանց բացատրությունները. - «Ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում տալ»:
«Ազատության» աղբյուրն անանուն մնալու պայմանով հայտնեց՝ Արփի Դավոյանը վարչության կազմին ներկայացրել է Արդարադատության նախարարությունը ղեկավարելու իր տեսլականը, ինչից հետո նրա՝ նախարար դառնալուն կողմ է քվեարկել ընդամենը երկու հոգի՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Ինչո՞ւ վարչությունը մերժեց Դավոյանի թեկնածությունը, եթե նախարար լինելու համար առաջնային է ՔՊ-ական լինելը, իսկ Դավոյանը թիմի հնաբնակներից է:
«Ինքս շատ լավ գիտակցելով, որ Արփի Դավոյանը վստահաբար կարար էդ աշխատանքը կատարեր, ընդունել եմ վարչության որոշումը», - հայտարարեց Աղազարյանը:
Ավելի քան մեկ շաբաթ է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցում գլխավոր դերակատարը հենց Արփի Դավոյանն էր: Ինքն էր նախաձեռնել ստորագրահավաք, որպեսզի նախարարի պաշտոնանկության հարցը քննարկեին, այդ հարցում նրա աջակիցներից էին պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը:
Մինասյանը, սակայն, մինչ այդ քննարկումը հրաժարական տվեց և իշխանական պատգամավորներին խարդավանքների մեջ մեղադրեց։
Ապագա նախարարի ՔՊ-ական լինելու պայմանը փոփոխման ենթակա չէ
Թե որն էր Մինասյանից իշխանականների դժգոհության պատճառը, այդպես էլ հստակ չասվեց, ՔՊ-ականներից յուրաքանչյուրը յուրովի էր մեկնաբանում՝ ոլորտի բարեփոխումներից մինչև Վատիկանում նախկին դեսպան, հետախուզվող Միքայել Մինասյանի եղբայրը լինելու հանգամանքը: Բայց Մինասյանից հետո մի հարցի շուրջ իշխանականները, ըստ Հովիկ Աղազարյանի, միակարծիք են՝ ապագա նախարարի կուսակցական լինելու պայմանը փոփոխման ենթակա չէ:
«Կարևորագույն կողմնորոշումը այն է, որ պետք է թիմից լինի, քաղաքական թիմից լինի, հիմա բոլորն էլ իմ ընկերներն են, եթե Արփի Դավոյանը չի, որին ես շատ ընդգծում էի, որ ինքը կարող էր, մեկ ուրիշը կլինի քաղաքական թիմից: Ես կարծում եմ, որ երբեմն, երբեմն, երբեմն մենք մեր կողքի մարդուն չենք նկատում», - ասաց Աղազարյանը:
Թե ում թեկնածությունը կամ թեկնածություններն են առաջադրելու վարչության անդամները «Քաղաքացիական պայմանագրի» հաջորդ նիստում, դեռ պարզ չէ, բայց Հովիկ Աղազարյանը կարծում է՝ ՔՊ-ականներից շատերն ունեն այդ պաշտոնը զբաղեցնելու ներուժ: