Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նոր նախարարի փնտրտուքի մեջ է


«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստը, Երևան, 1-ը հոկտեմբերի, 2024թ.
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստը, Երևան, 1-ը հոկտեմբերի, 2024թ.

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նոր նախարարի փնտրտուքի մեջ է։ Այս օրերին շրջանառվող 4 անուններին ևս մեկն ավելացավ՝ Գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանինը։

«Ես առաջադրված չեմ եղել, նման ցանկություն չեմ հայտնել: Կարծում եմ, որ առաջադրված թեկնածուները շատ ավելի արժանի են լինեն այդ պաշտոնում: Իմ այս հայտարարությունը, կարծում եմ, հիմք կլինի վարչության մյուս անդամների համար, եթե անգամ ցանկություն կա ինձ առաջադրելու, կարծում եմ այս կարծիքը նույնպես հաշվի կառնեն», - ասաց Գաբրիելյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «ինչո՞ւ է Ձեր անունը շրջանառվում, եթե շրջանառվում է, ուրեմն Ձեզ էլ է առաջարկ եղել», Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. - «Ոչ թե առաջադրվել, այլ քննարկվել է, ու դա բնական է, իմ անունը, տեղյակ եմ, որ հնարավոր թեկնածուների շարքում գուցե դիտարկվել է, բայց ֆորմալ գործընթաց գոյություն ունի. դիտարկելը, քննարկելը, խոսելը մեկ այլ բան է, բայց քննարկումն առաջ տանելը մեկ այլ բան»:

Խորհրդարանի ՔՊ խմբակցությունում Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքի ֆոնին նախարարն ինքը որոշեց հրաժարական տալ։ Նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, նրան երկու օր առաջ ազատեց պաշտոնից։

Բայց իշխանականներն մինչև նախարարական աթոռը պաշտոնապես թափուր մնալն էին սկսել որոնումները՝ երեքշաբթի հայտարարեցին, որ կուսակցությունը՝ վարչապետի գլխավորությամբ, նաև արդարադատության նախարարի թեկնածություններ է քննարկել։ Արփինե Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան. «Ազատությանը» հայտնի էր դարձել՝ այս 4 պատգամավորների թեկնածություններ էին առաջադրվել վարչության նիստում։ Բայց որոշում չէր կայացրել ու ներկուսակցական քննարկումներն էլ, արդեն 4-րդ օրն է՝ բուռն են։

Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը ղեկավարող Հերիքնազ Տիգրանյանը հենց հաջորդ օրը ասաց՝ «չի պատրաստվում առաջադրվել»։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր փոխանցեց՝ «մնում է ԱԺ-ում»։ Արփինե Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը չեն արձագանքում։

«Քաղաքացիական պայմանագրում» հստակ պատկերացում ունեն՝ պարտադիր ինչ չափանիշի պետք է համապատասխանի նախարարի թեկնածուն, ինչպես իշխանականներն են ձևակերպում՝ պետք է «թիմի անդամ լինի», այսինքն՝ կուսակցական։ ՔՊ անդամ Սիսակ Գաբրիելյանը, որ իրավաբանական կրթություն է ստացել արդեն պատգամավոր դառնալուց հետո, այսօր հայտարարում էր՝ ցանկություն չունի արդարադատության նախարար դառնալու, բայց եթե կուսակցությունը որոշի, դեմ չի գնա։

«Դու կարող ես օրենքի կոռեկտության սահմաններում հնարավոր բոլոր տարբերակներով քո կարծիքը փորձես համոզել մյուս անդամներին, բայց երբ մեծամասնության քվեարկությամբ կայացվել է որևէ որոշում՝ առանց բացառության բոլորս ըստ էության համաձայնվել ենք և, այո, մենք կատարել ենք այդ որոշումը, նույնը, բնականաբար, հիմա կարող է տեղի ունենալ: Բայց նորից եմ ասում՝ ես կարծում եմ, որ երբ խոսքը գնում է անձի վերաբերյալ, առաջնային է նաև տվյալ անձի կարծիքը», - ասաց Գաբրիելյանը:

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ պատգամավորը վիրավորվել է, որ հենց առաջին քննարկմանն իր թեկնածությունը չի ներկայացվել, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. - «Անկեղծ ասած, չէ: Իհարկե մասնագիտական առումով նաև այդ ոլորտն է որոշակի հոգեհարազատ, բայց ես այս պահին ինձ շատ ավելի հարմար ու նաև կուսակցության համար նպատակահարմար դերում եմ»:

Ի դեպ, նաև չթաքցրեց՝ արդարադատության նախարարին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին չի միացել, ըստ նրա, դա էլ է պատճառներից մեկը, որ չի ցանկանում լինել այդ պաշտոնում. - «Ես ինքս դժգոհ չեմ եղել պարոն Մինասյանի աշխատանքից»:

«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կոնկրետ առաջադրված թեկնածուների անուններ չհրապարակեց, բայց կուսակցությունում որոշումների կայացման ընթացակարգը պարզաբանեց. - «Եթե, օրինակ, ինչ-որ պաշտոնում թեկնածուի առաջադրման մասին է խոսքը, հայտարարվում է առաջադրման վերջնաժամկետ և մինչև վերջնաժամկետը վարչության անդամները կարող են թեկնածություններն առաջադրել»:

Թե երբ է արդարադատության նախարարի թեկնածու առաջադրելու համար, Ալեքսանյանը նշեց. - «Չեմ կարող ասել, կոռեկտ չի լինի դա սելը, բայց կարող եմ ասել, որ վերջնաժամկետ կա և մինչև վերջնաժամկետի ավարտը վարչության անդամները կարող են առաջարկել թեկնածուներ»:

«Վարչության մեծամասնությունը, վարչությունը քվեարկում է և ներկայացնում է թեկնածությունը վարչապետին», - նշեց նա:

Դիտարկմանը՝ «խոսվում է, որ վարչության նիստը հաջորդ երեքշաբթի կարող է կայանալ ու որոշումը հենց այդ օրն էլ կայացվի, թե նախարարի պաշտոնում կուսակցությունն ում է առաջադրում», Ալեքսանյանն արձագանքեց. - «Արդեն չեմ կարող ասել»:

Այդուհանդերձ, վերջին խոսքը վարչապետինն է. հենց նրա առաջարկությամբ է Հանրապետության նախագահը փոփոխություններ կատարում կառավարության կազմում։

XS
SM
MD
LG