Քանի՞ հոդված կա հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծում։ Վարչապետ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններում երկու թիվ է հնչել՝ 16 ու 17։
Արտգործնախարար Միրզոյանը այս պահին եղած 16 հոդվածների մասին է խոսել. - «Տեխնիկապես մենք հիմա ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես համաձայնեցված են, 3-ը մասնակի համաձայնեցված հոդվածներից են»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միրզոյան. Ադրբեջանին ուղարկվել է ամբողջությամբ համաձայնեցված տեքստ, որը կարելի է կարճ ժամանակում ստորագրել«Կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ պաշտոնապես համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախագծում, նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրը ամբողջությամբ համաձայնեցված է, ևս 3 հոդված մասնակի է համաձայնեցված, այսինքն՝ հոդվածում կան մասեր, կա նախադասություն, որ համաձայնեցված է, կա նախադասություն, որ համաձայնեցված չէ: Կա ևս մեկ հոդված, որ ընդհանրապես համաձայնեցված չէ: Օրինակ՝ ամենասկզբում երկրորդ, երրորդ խմբագրությունները խաղաղության պայմանագրի ունեցել են 18 հոդված, այսինքն՝ ինչ-որ հոդվածներ դուրս է եկել, օրինակ՝ Ադրբեջանը ինքը հայտարարեց կոմունիկացիաների հոդվածի դուրս գալու մասին, այսինքն՝ մնացել են 17-ը», - երեկ Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. - «Մենք առաջարկում ենք 16-հոդվածանոց խաղաղության պայմանագիր՝ 3 հոդվածի համար էդ բովանդակությունը ի սկզբանեի հետ մասամբ է համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. ՓաշինյանԵրևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը. վարչապետԸնդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը դիտավորություն է տեսնում, ինչպես նա ձևակերպեց, այդ խառնաշփոթի մեջ, որ մարդիկ չկարողանան հասկանալ՝ ի՞նչ ծավալի նախագծի մասին է խոսքը ու, ընդհանրապես, ի՞նչ է քննարկվում։
«Ակնհայտ խառնաշփոթ է: Անգամ խնդիր կա պարզագույն երեք թիվ իրար գումարելու և մեկ ընդհանուր թիվ ստանալու մեջ, բայց, գիտե՞ք, այստեղ էլ եմ դիտավորություն տեսնում, որովհետև երկրի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ, արտաքին քաղաքական ամենակարևոր օրակարգի վերաբերյալ, ընդհանրապես հասարակության համար ամենակարևոր օրակարգերի մասին երբեք հստակ տեղեկատվություն չի տրամադրվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Փաշինյանի կաբինետի անդամ, «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Գևորգ Պապոյա՞նն ինչ է հասկացել խաղաղության պայմանագրի նախագծի մաթեմատիկայից. - «Պարզ նշվեց երեկ՝ 16 կետ: Երեկ հստակ նշվեց, թե ինչի մասին է խոսքը՝ նշվեց, որ նախկինում եղել է 17-ը, մեկը էս պահին ... այսինքն, էն առաջարկը, որ եղել է, 16 կետից է բաղկացած, բայց 3 կետի մեջ այն մասն է ներկայացված, որը համաձայնեցված է: Այսինքն, էդտեղ բան չկա, 16-ի մասին է խոսքը»:
Երբ համադրում ենք արտգործնախարար Միրզոյանի ու վարչապետ Փաշինյանի իրար հաջորդած հայտարարությունները, ստացվում է, որ ամենայն հավանականությամբ որպես 10-րդ խմբագրում Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել 17-հոդվածանոց խաղաղության պայմանագրի նախագիծ։
Հայաստանը ամբողջության համաձայնեցված 13 հոդված ու մյուս 3-ի համաձայնեցված մասերն է թողել, այսինքն` 16 կետ. հենց դրանք է առաջարկում կարճ ժամկետում ստորագրել։ Բայց ո'չ վարչապետը, ո'չ արտգործնախարարն ուղիղ չեն ասում՝ արդյոք ընդհանրապես չհամաձայնեցված կետը հանե՞լ են Ադրբեջան ուղարկված նախագծից ու դրա շուրջ պատրաստվո՞ւմ են նորից բանակցել։
Այդ ո՞ր կետն է, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանրապես համաձայնության եզրեր չեն գտնում։
Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանին մեկ այլ հարց էլ է հուզում՝ նախագծով արդյոք երաշխավորվո՞ւմ է, որ պայմանագրի ստորագրումից հետո խաղաղություն կլինի։
«Խոստացել են հայ հանրությանը իրականում համապարփակ կարգավորման փաստաթուղթ հարաբերությունների: Հիմա կամաց-կամաց սկսում են հերթով հայտարարել, որ բոլոր իրական կնճռոտ հարցերը թղթից դուրս են՝ գերիների հարց էստեղ չկա, Արցախի կարգավորման, հակամարտության կարգավորման, վերադարձի հարց չկա, չկա կոմունիկացիաների վերաբերյալ դրույթը. դա Ադրբեջանն է հայտարարում, և Փաշինյանը երեկ հաստատեց: Ի՞նչ կա այդ փաստաթղթում, ինչի՞ մասին է այդ փաստաթուղթը: Ի վերջո, ադրբեջանական կողմը որտե՞ղ է, ո՞ր կետում է և ի՞նչն է, որ զիջում է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Ո՛չ համաձայնեցված, ո՛չ դեռ մասնակի ու ամբողջությամբ վիճելի հոդվածները չհրապարակելու՝ վարչապետի փաստարկն այն է, որ կոնֆիդենցիալ աշխատանք է, ու այդ դրույթների համասեփականատերը նաև Ադրբեջանն է։
Համենայնդեպս, վարչապետը հավաստիացնում է՝ ամենակարևորը՝ միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը պայմանագրում արձանագրված է։
Նրա թիմակից էկոնոմիկայի նախարարն էլ այսօր այս պատճառաբանությամբ չհրապարակեց Երևանի ու Բաքվի չհամաձայնեցրած կետը. - «Չեմ կարող նշել, որովհետև ես այդ բանակցությունների ուղղակի մասնակից չեմ»:
Ադրբեջանի արտգործնախարարը դժգոհել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետ է դուրս թողել։ Բայց նա էլ չէր բացահայտել՝ որո՞նք։ Հրաժարվելով ստորագրել Երևանի ուղարկած տարբերակը՝ Բաքուն նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է նախապայման դարձնում՝ դրանում տարածքային պահանջ տեսնելով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն, ըստ էության, մերժում է Երևանի վերջին առաջարկը