Մատչելիության հղումներ

Միրզոյան. Ադրբեջանին ուղարկվել է ամբողջությամբ համաձայնեցված տեքստ, որը կարելի է կարճ ժամանակում ստորագրել


Հայաստանի արտգործնախարարը չի բացահայտում՝ արդյոք Ալմա-Աթայի հռչակագրին հղումը խաղաղության համաձայնագրում ամրագրելու շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկե՞լ են համաձայնության։

Տևական ժամանակ հայաստանցի պաշտոնյաները, նրանց թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, չէին թաքցնում՝ Բաքուն դժկամ է Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել խաղաղության պայմանագրի նախագծում։ Չնայած երկու տարի առաջ պրահյան պայմանավորվածություններով երկու երկրները հենց այդ հռչակագրով էի ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Միրզոյանը միայն ասաց՝ Հայաստանն ու Ադրբեջանն այլ սկզբունք չեն քննարկում։

1991 թվականի այդ հռչակագիրը հիմա դրված է սահմանազատման հիմքում, բայց սահմանազատման հայ - ադրբեջանական հանձնաժողովների վերջերս համաձայնեցված կանոնակարգում չի բացառվում, որ խաղաղության համաձայնագրով այլ սկզբունք կարող է նախատեսվել։ «Ազատություն»-ը արտգործնախարարին հարցրեց՝ ի՞նչ այլ սկզբունք է քննարկվում։

«Ես չեմ ուզում առաջ անցնել և առանձին դետալներ բացահայտել, թեև շատ մեծ գաղտնիք էլ չի իրականում, բայց նաև բանակցային էթիկետը չխախտելու համար: Այստեղ մենք մեր հասարակությունից իսկապես գաղտնիք չունենք և տհաճ անակնկալներ էլ չունենք, եթե կարող եմ այդպես ձևակերպել: Բայց այլ սկզբունք, որը կփոխեր նա, այս պահին չի քննարկվում», - ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ասաց՝ Ադրբեջանին որպես 10-րդ խմբագրում ուղարկել են ամբողջությամբ համաձայնեցված տեքստ, որը, ըստ հայկական կողմի, կարելի է կարճ ժամանակում ստորագրել։

Ադրբեջանցիները հաշվել էին՝ Երևանի պատասխանելը 70 օր տևեց։ Լրջանալու կոչով Բաքուն, ըստ էության,մերժել էր խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված հոդվածները ստորագրելու և մյուսների քննարկումն ապագային թողնելու առաջարկը։ Չնայած դրան, ինչպես Միրզոյանը ասաց՝ Բաքվից արձագանք են սպասում։

«Դրանք կա՛մ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կա՛մ այլ հոդվածների համաձայնեցված մասեր: Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի, ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է: Սա է եղել մեր առաջարկը՝ ստորագրել այն, ինչ որ հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել: Հետևաբար՝ տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չունենք», - ասաց Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով. - «Այլ բան, գիտեք, որ երբեմն ադրբեջանական կողմը այլ նախապայմաններ է կամ այլ խնդիրներ է փորձում նաև ներառել ընդհանուր բանակցային գործընթաց: Մեր մոտեցումը այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել և հետո, իհարկե, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չի լինի կարգավորել, և մնացյալը արդեն կմնա հետագա բանակցություններին՝ կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում»:

Ի դեպ, վարչապետ Փաշինյանը վերջին ասուլիսում մեկ խաղաղության պայմանագրի 17 կետերի մասին էր խոսում, մեկ՝ 16: Արտգործնախարարն այսօր հստակեցրեց՝ նախագծի կետերը 16-ն են:

«Տեխնիկապես մենք հիմա ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես համաձայնեցված են, 3-ը մասնակի համաձայնեցված հոդվածներից են: Նախաբանն էլ առանձին կտոր է, ես ենթադրում եմ՝ վարչապետը դա է նկատի ունեցել», - ասաց Միրզոյանը:

Արդեն երկուսուկես տարի բանակցվող փաստաթուղթը հրապարակային չէ, չնայած պարբերաբար հնչող լավատեսական հայտարարություններին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ժամկետ չի նախանշվում։

XS
SM
MD
LG