Բագրատ Սրբազանն ու աջակիցներն այսօր էլ լուսացրել են Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում։ Այստեղից ցուցարարները տարբեր ուղղություններով են շարժվել։ Մետրոյի կայարաններում իրազեկման ակցիաներ են արել։
Ցուցարարների մի մասը ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի առաջնորդությամբ երթ է արել Պռոշյան փողոցով, որտեղ կառավարական ամառանոցներն են։ Ընդդիմադիրները շղթայով փակել էին Մյասնիկյան պողոտան, աղբամաններ շարել կենտրոնական փողոցներում։
Հայտնի չէ՝ վրանները երբ կհավաքեն Բաղրամյանից։ Շարժման առաջնորդը 96 ժամ է տվել իշխանությանը, որ ընդունեն կառավարության հրաժարականի ուղերձը։ Խորհրդարանն արտահերթ նիստ պետք է հրավիրեր հրաժարականի նախագիծը քննարկելու համար, բայց իշխող մեծամասնությունը տապալեց։ Օրենքի ուժով նիստը հունիսի 17-ին է նախատեսված, որն առանց «Քաղաքացիական պայմանագրի» աջակցության կտապալվի։
Փաշինյանի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսը մարդկանց հրավիրում է Բաղրամյան պողոտա, իր սկսած պայքարը ավարտին հասցնելու համար։ Սրբազանի իշխանությանը տված ժամանակը լրանում է հինգշաբթի օրը, թե ինչ է լինելու դրանից հետո, փակագծեր չի բացում։
«Բոլոր կողքերից՝ օրակարգ, ծրագիր, բան, երբ որ ասում են՝ մենք չգիտենք, տեղյակ չենք, տեղյակ եք՝ հայրենիք է հանձնվել, հայրենիք է հանձնվում, դրանից տեղյա՞կ եք: Բավական է կեղծ օրակարգերի մեջ ընկնել, ես ասում եմ բոլոր նրանց, ովքեր տանը նստած հարցադրումներ են անում կամ փողոցում են հարցադրում անում խելոք դեմքով», - նշեց Գալստանյանը:
Վաղը Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով պետք է գնա, պատգամավորների ու կառավարության հարցուպատասխանի օրն է։
Թե ի՞նչ են ծրագրել ընդդիմադիրները, դեռ չեն հայտարարում։ Բաղրամյան պողոտան փակ է Մոսկովյանից: Ոստիկանական շարասյունը փակել է նաև Դեմիրճյան տանող ճանապարհը, վարչապետը խորհրդարան այս կողմից է մտնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը վաղվա հանրահավաքին ընդառաջ զգուշացնում է՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից