Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ավիավթարի կապակցությամբ

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները

Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է այսօր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։

«Նշվել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- հայտարարում է Կրեմլը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը նշել է, որ ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության և ամբողջությամբ կորցրել է կառավարումը, ուղարկվել է Ակտաու քաղաք և «կարողացել է արտակարգ վայրէջք կատարել միայն օդաչուների քաջության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»։

Նա ընդգծել է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժում (ինքնաթիռի կմախք) բազմաթիվ անցքեր են եղել, ուղևորներն ու անձնակազմի անդամները դեռ օդում գտնվելիս վիրավորվել են օտար մասնիկներից, որոնք հայտնվել են ինքնաթիռի ներսում, և որ ողջ մնացած բորտուղեկցորդների և ուղևորների ցուցմունքները հաստատում են արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության փաստը։

Երեկ մեկնաբանելով աղետը, որի հետևանքով զոհվել էր 38 մարդ, Սպիտակ տունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, որոնք վկայում են ռուսական ՀՕՊ-ի կողմից հարվածի հնարավորության մասին։ Օդանավը շահագործող «Ադրբեջանական ավիաուղիներն» էլ պնդել էր, թե ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության» պատճառով: Մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Ադրբեջանական ավիաուղները» հայտարարել են, թե ժամանակավորապես դադարեցնում են թռիչքները ռուսաստանյան քաղաքներ։ Այսօր նման որոշում է կայացրել նաև «Թուրքմենական ավիաուղիները»։