Սպիտակ տունը հայտնել է, որ «վաղ ազդանշաններ» կան, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը կարող էին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել։
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը տեսել է ապացույցներ, «որոնք, անկասկած, վկայում են հավանականության մասին, որ այս ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից», սակայն հրաժարվել է մանրամասնել՝ վկայակոչելով ընթացող հետաքննությունը։
Վթարի պաշտոնական հետաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն փրկվածները ասել են, որ լսել են երեք պայթյուն, որոնք կարծես դրսից են հնչել, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Գրոզնիի վրայով։
Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։
Դեկտեմբերի 27-ին ավիաընկերությունը պնդեց, որ ինքնաթիռը ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»։ Ավիաընկերությունը պարզաբանել է, որ դա են վկայում ավիավթարի պաշտոնական հետաքննության նախնական արդյունքները։
Ավիավթարի օրը ՌԴ տարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասին երեկ առաջին անգամ պաշտոնապես մանրամասներ է ներկայացրել նաև Ռուսաստանը: ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը հայտարարել է, որ վթարի օրը Գրոզնիի օդանավակայանի տարածքում խիտ մառախուղ է եղել, օդանավի հրամանատարը վայրէջքի երկու անհաջող փորձ է արել, ինչից հետո առաջարկվել է վայրէջք կատարել այլ օդանավակայաններում, և նա որոշել է գնալ ղազախական Ակտաու։
Մոսկվան հայտարարել է, որ որևէ գնահատական չի տա վթարի վերաբերյալ, քանի դեռ չեն ստացվել հետաքննության արդյունքները: