Երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետը խոսում էր պոզիտիվ խոսույթ ձևավորելու և ոչ թե հարևան երկրներին մեղադրելու կարևորության մասին, հարևան երկրի՝ Ադրբեջանի նախագահն այդ ելույթից ժամեր առաջ կրկին Բաքվից սպառնում էր Հայաստանին:
«Մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու [...]: Ջանք պետք է գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանց շուրջ մտածելու համար», - հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացած Ապագայի գագաթնաժողովում իր ելույթում: - «Ի տարբերություն նախորդ երեք անգամների` ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է սկսել լավ խոսքերից, առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը. վարչապետը՝ ՄԱԿ ԳԱ Ապագայի գագաթնաժողովումՄինչդեռ արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանի առաջին նիստում Իլհամ Ալիևը պնդում էր, թե ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում, և բացեիբաց հայտարարում, որ ռևանշ թույլ չտալու համար շարունակում են զինվել։
«Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և հակաահաբեկչական օպերացիան մնացել են ետևում, Հայաստանում ռևանշիստական տենդենցները մեզ ստիպում են մշտապես ուշադրություն տակ պահել ռազմական ոլորտը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ստեղծվել են նոր ռազմական միավորումներ, հատուկ նշանակության ուժերը, կոմանդոն, նրանց թիվն աճել է և շարունակելու է աճել տարեցտարի: Մենք ամրանում ենք պայմանական սահմանին, քանի որ Հայաստանից ցանկացած պահի կարելի է սպասել ցանկացած սադրանք։ Հայաստանը և նրա ետևում կանգնած ցանկացած երկիր պետք է հասկանա, որ մեզ հետ շանտաժի լեզվով հնարավոր չէ խոսել, և մենք պատրաստ ենք, ի վիճակի ենք ցանկացած պատասխան տալ», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, նորընտիր մեջլիսում պնդում է ԱլիևըՄինչդեռ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Ապագայի գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանն աշխարհին պատմում էր, որ վարչապետի իր մանդատը ընտրություններում ստացել է «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո, մի ժամանակահատվածում, երբ թվում էր՝ թե Հայաստանում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա։ Նույն կարգախոսը Փաշինյանը հնչեցնում էր նաև գլոբալ առումով. - «Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը»:
Մինչ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում պնդում էր, թե գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ միջազգային հարթակները վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների և սպառնալիքների ազդարարման հարթակ, այդ նույն հարթակից Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում էր պատերազմով Ղարաբաղն ազատագրելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին։
«Վերջ դնելով ուժի անօրինական կիրառմանը՝ Ադրբեջանը հետպատերազմյան կարգավորում նախաձեռնեց Հայաստանի հետ՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա», - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարում էր Ջեյհուն Բայրամովը:
Ընդգծելով երկկողմ բանակցությունների միջոցով արձանագրված առաջընթացը՝ Բայրամովը ՄԱԿ-ի վեհաժողովի ամբիոնից նաև կոչ էր անում Երևանին արագ քայլեր ձեռնարկել խաղաղության գործընթացում խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, շեշտելով, թե դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք և պատասխանատվություն։
Եթե Ջեյհուն Բայրամովը հիշատակում էր Ղարաբաղի ազատագրման մասին, վարչապետ Փաշինյանն իր ելույթում այդպես էլ որևէ կերպ չանդրադարձավ ուղիղ մեկ տարի առաջ Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիային և արցախահայերի բռնի տեղահանմանը։ ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովում Փաշինյանը հայրենիքը կորցրած արցախահայերի ապագային մասին որևէ խոսք չասաց։
«Անցյալում արդեն ոչ մի բան չենք կարող փոխել, այսօրվա մեջ արդեն շատ բան չենք կարող փոխել», - հայտարարեց նա:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի վարչապետի հիմնական ելույթը նախատեսված է սեպտեմբերի 26-ին։
«Բարդ է պատկերացնել, թե ինչու պետք է աշխարհի մնացած պետությունները կրկնօրինակեն Հայաստանի փորձը»
«Վարչապետի ելույթը նվիրված էր նրան, որ 2021 թվականին Հայաստանում լավատեսության հույս չկար գրեթե, սակայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը իշխանության եկավ «Ապագա կա՛» լոզունգով, հիմա աշխարհում լավատեսության շատ քիչ հույս կա, սակայն վարչապետը գտնում է, որ ամբողջ աշխարհը պետք է ընդունի կամ որդեգրի «Ապագա կա՛» կարգախոսը՝ հույս ունենալով, որ դրանով, դրական խոսույթով մենք կկարողանանք մեր առջև ծառացած խնդիրները լուծել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:
Փորձագետի կարծիքով՝ դժվար է պատկերացնել, որ շատերը կցանկանան վերցնել այդ կարգախոսը, «որովհետև երեք տարում գոնե արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը միայն ձախողումների է ականատես եղել, այսինքն՝ Արցախի ամբողջական ոչնչացում և հայաթափում, Հայաստանի տարածքի առնվազն 200 կիլոմետրի օկուպացիա Ադրբեջանի կողմից, ընդ որում՝ ռազմավարական նշանակության տարածքներ, որոնք թույլ են տալիս Ադրբեջանին փաստացի կրակային հսկողություն սահմանել մի շարք կարևոր ենթակառուցվածքների վրա»:
«Եթե նայում ենք Հայաստանի վերջին երեք տարվա զարգացումները, ապա արտաքին քաղաքականության ոլորտում ձախողումներ են, և ներքաղաքական ոլորտում էլ կա անընդհատ անկայունություն», - ընդգծեց Պողոսյանը՝ շարունակելով. - «Հետևաբար, մի փոքր բարդ է պատկերացնել, թե ինչու պետք է աշխարհի մնացած պետությունները, այսպես ասենք, վերցնեն և օգտագործեն կամ կրկնօրինակեն Հայաստանի փորձը»:
«Իսկ որքանո՞վ է արդարացված այդօրինակ խոսույթը ՄԱԿ-ում՝ Ապագայի գագաթնաժողովում, արդյո՞ք նպատակահարմար չէր բարձրաձայնել խնդիրների մասին՝ և՛ Հայաստանի տարածքների օկուպացիայի, և՛ արցախահայերի տեղահանման մասին», - այս հարցին փորձագետն արձագանքեց. - «Առաջին հերթին ես կհամեմատեի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովում և նախագահ Ալիևի ելույթը նորընտիր խորհրդարանի բացման նիստում: Կարծես թե Ադրբեջանը շատ ինտենսիվ կերպով նախապատրաստվում է արդեն, եթե ոչ 2024-ի վերջին՝ COP29-ից անմիջապես հետո, ապա գոնե 2025 թվականի գարնանը ինչ-ինչ գործողությունների: Դրանք կարող են լինել հերթական վերջնագրեր, օրինակ՝ ինչպես մենք տեսանք վերջնագիր 2024-ի մարտին՝ Տավուշի սահմանի հետ կապված, նույն տիպի վերջնագրեր՝ «տվեք մեզ մեր անկլավները», կամ «բացեք միջանցք, կամ հակառակ պարագայում կստանաք պատերազմ», չեմ բացառում նաև որոշակի փոքր էսկալացիաների հավանականությունը»:
«Ինչքանով ես վարչապետին հասկացա, նա նշեց, որ ինքը համոզված է, որ խոսքը ևս նշանակություն ունի, և եթե դու ինչ-որ մտքեր ես արտահայտում բացասական, ապա դրանից աշխարհում բացասական դեպքերը ավելանում են: Սակայն ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ինչքանով միայն դրական մտքեր արտահայտելով հնարավոր է ընդհանրապես մարտահրավերները մեղմել, և մասնավորապես եթե նայում ենք Հայաստանին, ինչ մարտահրավերներ են մեզ սպառնում՝ հատկապես Արցախի ոչնչացումից հետո, երբ Հայաստանի հարավային հատվածը ուղղակի սեղմված է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այսպես ասենք՝ ես վստահ չեմ, որ միայն դրական խոսքերը կարող են իրական փոփոխություններ բերել և ինչ-որ տեղ պատասխանել այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է Հայաստանը», - ընդգծեց «Ապրի Արմենիա»-ի ավագ փորձագետը: