«Կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե` ոչ», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացած Ապագայի գագաթնաժողովին:
Այսօրվա գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկ, ըստ Հայաստանի վարչապետի, այն է, որ «միջազգային հարթակները վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղիների, ճգնաժամերի ազդարարման հարթակ»:
«Դժվար եմ հիշում միջազգային հարթակներում պոզիտիվ խոսույթ իմ կամ այլ լիդերների անունից: Եվ սրա համար օբյեկտիվ պատճառներ կան. պոզիտիվ խոսույթի նյութը քիչ է: Իսկ գուցե դա նրանից է, որ նախկին մի շրջանում պոզիտիվ խոսույթը քիչ է եղել կամ բացակայել է», - վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու, որովհետև դրա մասին վկայող փաստերը շատ են ու ամենուր, և դրանք տեսնելու համար ջանք առանձնակի պետք չէ գործադրել: Ջանք պետք է գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանց շուրջ մտածելու համար, որովհետև այն ինչ տեղի է ունենում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքում»:
Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետի իր ընթացիկ մանդատը ստացել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության կողմից որդեգրված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո:
«Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը: Ի տարբերություն նախորդ երեք անգամների` ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Եվ դա դրական մտածելու և հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա», - ասել է Հայաստանի վարչապետը:
«Ուստի պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: