Ոստիկանությունը Սարդարապատում Վեհափառից փորձել է ճշտել՝ եկել է շարունակելո՞ւ իր ղեկավարած շարժման «սադրող գործողությունները». Փաշինյան

Ոստիկանությունը երեկ Սարդարապատում փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը «եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ», լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը, նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել», - պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր երեկ խոչընդոտվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլ հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք, նշեց վարչապետը։

Նա հավելեց, որ Վեհափառը հրավեր չի ունեցել, իրենք էլ տեղեկություն չեն ունեցել, որ նա դա ակնկալում է։

«Երեկ երբ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջացառման վայր, ոստիկանությունը փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափատ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ, և երբ ստացել են հավաստիացումներ, որ այն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե «քանի որ Բագրատ սրբազանի շարժմանը չէր մասնակցում կաթողիկոսը, այդ պատճառով թույլատրվե՞ց նրա մուտքը», Փաշինյանը արձագանքեց. - «Խնդիրը որևէ շարժման մասնակցել-չմասնակցելու մեջ չէ, ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իրավունք և ազատություն՝ մասնակցելու կամ չմասնակցելու որևէ շարժման, խոսքը սրա մասին է՝ նպատակը պետական արարողակարգային միջոցառմանը խոչընդոտելն է, թե չէ»։

Նա հավաստիացրեց՝ ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա. - «Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»։

  • Իրավապահները երեկ փորձել էին արգելել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
  • Մայր Աթոռն ավելի ուշ սա դատապարտելի պահվածք որակեց՝ հայտարարելով, որ «հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության»։
  • Եկեղեցու և իշխանության հարաբերությունները լարված են հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Սակայն, դրանք ավելի սրվեցին վերջին շաբաթներին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն այցելեց Սարդարապատ, ոստիկանները փորձել են արգելել Վեհափառի մուտքը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այլևս իշխանությունները պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք. Բագրատ սրբազան