Վարչապետը Սարդարապատի հուշահամալիր այցելեց միայն օրվա երկրորդ կեսին, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոսն իր աջակիցների հետ հեռացել էր այնտեղից:
Այդուհանդերձ, Կառավարության ղեկավարի այցն առանց միջադեպի չանցավ: Մինչ Փաշինյանը կժամաներ հուշահամալիր, տեղում իրավապահները փորձեցին խոչընդոտել Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը: Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները պատ կազմել, որպեսզի թույլ չտան Վեհափառին առաջանալ:
Ավելի ուշ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասված է. - «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։ Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար»:
Իրավապահները տեղի ունեցածից ժամեր անց էլ իրենց գործողությունների վերաբերյալ որևէ բացատրություն չեն ներկայացրել, պարզ չէ, թե ինչու էին փորձում արգելել Առաքելական եկեղեցու առաջնորդի մուտքը հուշահամալիր։
Մինչ այդ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է Ֆեյսբուքում զգուշացրել՝ հոգևորականները, ովքեր զբաղվում են հակապետական քաղաքականությամբ, պետք է պատրաստ լինեն կրել նաև դրա քաղաքական հետևանքները. - «Եկեղեցին քաղաքական հարթակ սարքած, հոգևոր ծառայությունը քաղաքականությամբ փոխարինած անձինք ոչ ոքից առավել չեն ու կրելու են իրենց հակապետական քաղաքականության բոլոր հետևանքները»:
Իսկ ի՞նչ հիմքով է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը պնդում, թե կան հակապետական հոգևորականներ: Տարոն Չախոյանը, որը համացանցում պարբերաբար մեղադրանքներ և վիրավորանքներ է հնչեցնում իշխանության ընդիմախոսների, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականների հասցեին, գրառման մեջ կոնկրետ փաստեր չի ներկայացրել։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հակադարձում է. - «Մենք խոսում ենք Ամենայն Հայոց Հայրապետի մասին, ով գնացել էր Սարդարապատ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու հերոսամարտի զոհերի հիշատակին, և տարբեր ձևակերպումներ, որոնք պարզապես, մեղմ ասած, ոչ մի հիմք չունեն, և, բնականաբար, դա ցույց է տալիս իրենց դատապարտելի կեցվածքը պարզապես: Մեր իրականության մեջ եզակի կառույցը Հայ Առաքելական եկեղեցին է՝ ազգային և պետականամետ»:
Իշխանության արտաքին քաղաքականությունը քննադատող Մայր Աթոռն աջակցում է վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոսի շարժմանը, որի անդամներն այս գիշեր անցկացրել էին Սարդարապատի հուշահամալիրում: Շարժման առաջնորդը, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանին պարբերաբար առաջարկում է հանդիպել, առավոտյան պնդում էր՝ Կառավարության ղեկավարի՝ Սարդարապատ չայցելելու պատճառները տարբեր են, այդ թվում՝ վախը:
«Նա այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի հետ, որևէ կերպ՝ մեր խորհրդանիշների հետ, սիմվոլների հետ: Արդեն ինքը հռչակել է, չէ՞, իրական և պատմական Հայաստան էդ աբսուրդը: Սա երևի պատմական Հայաստանի մաս է, իրական Հայաստանի հետ կապ չունի իր մտքի մեջ՝ էդ չակերտավոր ասած, ոչ թե իմ ասած: Եվ երկրորդը՝ միգուցե դրսից թելադրել են, որ «չես գնալու», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Նույն այն ժամին, երբ ընդդիմադիր շարժման աջակիցները Սարդարապատի մատույցներում նրա այցին էին սպասում, հրապարակվեց Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Իսկ արդեն հուշահամալիրում վարչապետը ձևակերպեց Կառավարության գլխավոր խնդիրը՝ հանրապետությունը համապատասխանեցնել ժողովրդի երազանքներին:
«Եվ հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու, և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ: Որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Այս ճանապարհին էլ փշեր, որոգայթներ ու ծանր որոշումներ կլինեն, չթաքցրեց վարչապետը: