Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները

Փարաքարի համայնքապետարանի շենքը, արխիվ

Մոտ 29 հազար բնակիչ ունեցող Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյբուքում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հունվարի 11-ին, 12-ին և 13-ին տեղի կունենա նախնական ընտրությունների գործընթացը, կառաջնորդվեն Գյումրիի օրինակով և նախնական ընտրություններով հաղթած թեկնածուն վարչապետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ «համայնքի կյանքը, կառավարումը հնարավորինս արագ բնականոն հուն վերադարձնելու համար»։

Մարդիկ ոչ թե տեղամասեր կգնան, այլ շրջիկ խմբերը՝ քվեատուփերով ու քվեաթերթիկներով, կթակեն մարդկանց դռները, ու նրանք կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին։

Դեռ դեկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ փրայմըրիզի արդյունքով ամենաշատ ձայները հավաքած թեկնածուն մեծ հավանականությամբ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը արտահերթ ընտրություններում, որ տեղի կունենան մարտի վերջին։

Հունվարի սկզբին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում են հաստատվել թեկնածուները։ Վեցից հինգը վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունից են, մեկն է անկուսակցական։ Թեկնածուների թվում է նաև Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, ով նոյեմբերի 18-ին հրաժարական տվեց կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով. Երևանում սպանություն էր եղել, նա էլ էր դեպքի վայրում ու ոտքից վիրավորվել էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարաքարում պատրաստվում են համայնքի ղեկավարի նախնական ընտրությանը՝ փրայմըրիզին