Երևանի ավագանին այսօր ընդունեց տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը: 34 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ավագանին որոշեց, որ թոշակառուներին 30, դպրոցականներին և Փարոսի նպաստառուներին 20-ական, ուսանողներին 15 տոկոս զեղչ է հատկացվում։
Ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները, մանկատանն ու ծերանոցում բնակվողները, 4 և ավելի երեխա ունեցող ծնողներն ու ազգային հերոսներն ավճար կերթևեկեն։
Փոխադարձ վիրավորանքներ, բղավոցներ, գրիչ շպրտել… Երևանի ավագանին այս պայմաններում քննարկեց՝ հունվարից միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո ովքեր կօգտվեն արտոնությունից հանրային տրանսպորտով երթևեկելիս. քաղաքապետը գործընկերներին զգուշացրեց՝ Երևանը հետևում է։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ նախքան քվեարկությունը ներկայացված ցանկում փորձում էր գտնել տեղահանված արցախցիներին։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի պատասխանը կարճ էր. - «Կենտրոնական իշխանությունը բազմաթիվ աջակցության ծրագրեր իրականացրել է ու իրականացնում է իրենց ուղղությամբ»:
Միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարին՝ 171 նոր ավտոբուսների երթուղի մտնելուն պես։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։
Բուռն քննարկումներով, քվեարկությունների բոյկոտներով ու բողոքներով ուղեկցված միասնական տոմսային համակարգի ընդունումը ընդդիմությունը որակել է տրանսպորտի թանկացման նախագիծ: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ստորագրահավաք է անցկացնում՝ մեկ երթի համար 100 դրամ սակագինը պահպանելու պահանջով։
Այսօր էլ բուռն էին արտոնությունների մասին քննարկումները. կողմերն իրար մեղադրեցին պոպուլիզմի մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ ուղևորությունը 100 դրամով պետք է հասանելի լինի. Հայկ ՄարությանԸնդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ ընդգծեց, որ ներկաների զգալի մասը տեղյակ էլ չի՝ ինչ է քննարկում. գրեթե բոլորը երթևեկում են մեքենաներով, ուստի երևանցիների խնդիրներից տեղյակ էլ չեն։
Նախկիններ - ներկաներ թեման էլ չշրջանցվեց այս նիստում։ Հատկապես նախկին քաղաքապետ, մանդատից զրկված Հայկ Մարությանի կուսակիցների ելույթներից հետո իշխանությունը չզսպեց համեմատականներ անցկացնելու գայթակղությունը։
Նիստի ընթացքում «Մայր Հայաստան»-ն էլ այսօր իր ելույթները ավելի պատկերավոր դարձրեց բողոքի ակցիայով, պաստառներ պարզեցին, պնդեցին՝ քանի դեռ քաղաքային իշխանությունը ստվերի դեմ արդյունավետ չի պայքարում, ոչ մի բարեփոխում էլ կյանքի չի կոչվի։