Մատչելիության հղումներ

Մեկ ուղևորությունը 100 դրամով պետք է հասանելի լինի. Հայկ Մարության


Մինչ Երևանի քաղաքային իշխանությունը տրանսպորտի սակագների փոփոխությունը թանկացում չի համարում, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն «Առավելագույնը 100 դրամ» գրությամբ շապիկով ու պաստառներով մայրաքաղաքում ստորագրահավաք է սկսել։

«Փաստացի տրանսպորտից օգտվում են ստիպված մարդիկ, ովքեր այլ տարբերակ չունեն՝ ի տարբերություն այլ եվրոպական քաղաքների, որտեղ կարող է ապահովված մարդն իր մեկ կամ երկու մեքենան կանգնեցնել տանը, և ինքը սկսի երթևեկել ավտոբուսով կամ տրամվայով, որովհետև դա հարմար է, արագ և շատ ավելի էժան, քան մեքենայով։ Մեզ մոտ այդ տարբերակը չէ, այսինքն՝ դուրս է գալիս, որ տրանսպորտից օգտվում են այն մարդիկ, որոնք ֆինանսապես առանց այն էլ տարբեր խնդիրներ ունեն և չեն կարող իրենց թույլ տալ այդ փոխադրամիջոց։ Ուստի, սա մաքուր սոցիալական տրանսպորտ է դուրս գալիս», - ասաց Հայկ Մարությանը։

Հունվարի 1-ից միասնական տրանսպորտային համակարգի ներդրմամբ տրանսպորտի սակագները կփոխվեն. 90 րոպեանոց մեկանգամյա օգտագործման 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ փաթեթներ կլինեն: Կառաջարկվեն վճարման թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտերով տարբերակներ:

Նախկին քաղաքապետը տրանսպորտային միասնական փաթեթներին դեմ չէ, սակայն պահանջում է նախագծում մեկ փոփոխություն անել:

«Մենք ասում ենք՝ եթե այդ փաթեթները կան, եթե այդ փաթեթները մշակված են, ընդ որում վստահ ենք՝ ոչ մի թիվ, ոչ մի հաշվարկ դրա տակ չկա դրված, որովհետև երբ հարցրել ենք, ոչ մի հաշվարկ մեզ չեն տվել, ուղղակի հորինած թվեր են։ Այդ փաթեթները մենք առաջարկում ենք՝ թող մնան, այնուամենայնիվ ինչ-որ աշխատանք են կատարել, և միակ կետը, որ մենք ավելացնում ենք, մեկ ուղևորությունը 100 դրամով պետք է հասանելի լինի մարդկանց», - նշեց Հայկ Մարությանը։

100 դրամով տրանսպորտային ցանցը սպասարկելը հեշտ գործ չէ, համակարծիք է Հայկ Մարությանը։ Նա գիտի՝ ամբողջ աշխարհում տրանսպորտը թանկարժեք միջոց է, սակայն, հիշեցրեց՝ մի շարք զարգացած երկներում պետությունը սուբիսդավորում է, ինչից երեկ դժգոհում էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Որովհետև իրենց ձեռք է տալիս, որ բյուջեում ավելի մեծ գումար լինի, ավելի ճոխ ապրեն, օրինակ՝ քաղաքապետն իրեն «Մերսեդես» ավտոմեքենա է գնում, ինագուրացիա են անում 87 միլիոնով։ Վերջերս պարզվեց, որ 180 հազար դոլարի չափով գումար են հատկացրել մի քանի երգի համար», - պնդեց նա։

Մարությանը վստահեցրեց՝ եթե իրենց ռեսուրսները բավարարեն, ապա կես միլիոն ստորագրություն էլ կհավաքեն

Քանի ստորագրությունն է, որ երևանցիների ձայնը կհամարվի, Մարությանը չասաց, բայց վստահեցրեց՝ եթե իրենց ռեսուրսները բավարարեն, ապա կես միլիոն ստորագրություն էլ կհավաքեն։ Նա այսօր մոտենում ու քաղաքացիներին հատ-հատ բացատրում էր փոփոխությունը, քանի որ վստահ է՝ երևանցիները դեռ չգիտեն՝ հունվարի 1-ից տրանսպորտի համար որքան են վճարելու։

Սպասվող սակագների մասին քաղաքացիներից շատերն ակցիայի շրջանակում էին տեղեկանում։

Խցանումները շարունակվում են, տրանսպորտը քիչ է, սակայն գումարը ցանկանում են ավելացնել, դժգոհեցին ստորագրահավաքին միացած քաղաքացիները։

Թանկացմանը կողմ մարդիկ էլ կային:

Երևանի քաղաքապետը երեկ խորհդարանում անդրադարձել էր թանկացմանն ու պարզաբանել, որ 300 դրամանոց տոմսով անգամ քաղաքացին կարող է մի քանի տրանսպորտից օգտվել մոտ մեկ ու կես ժամում։

«Դու կրկնակի չես վճարում, եթե ավտոբուս ես փոխում, էականորեն մեր գծերի քանակը նվազում է: Երևան քաղաքում մենք մոտավորապես 40-45 ուղղություն ենք ունենալու, որով երթևեկելու են մեր տրանսպորտային միջոցները», - վստահեցրել էր նա։

Տիգրան Ավինյանն այս համակարգին այլընտրանք չի տեսնում, խոստանում՝ դպրոցականները, թոշակառուներն ու խոցելի խմբերը զեղչերից կօգտվեն։ Բայց թե ինչ զեղչեր կսահմանեն, դեռ հստակ չէ։

Չնայած նոր համակարգի գործարկմանը երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, ավագանին այս հարցով որոշում դեռ չի կայացրել։

Իսկ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաքը կշարունակի մինչև դեկտեմբերի 15-ը, որից հետո Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը արդյունքները կներկայացնի քաղաքային իշխանությանը՝ պահանջելով պահպանել մեկ ուղևորատոմսի համար 100 դրամ սակագինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG