Ո՞վ ո՞ւմ հետ է պատրաստ համագործակցել Փարաքարում

Փարաքար, Արմավիրի մարզ, 28-ը մարտի, 2025թ.

Փարաքարցի 88-ամյա Մարտուն Բաբաջանյանը պատշգամբից հետևել է համայնքի չորս թեկնածուների նախընտրական քարոզարշավին: Քայլակի օգնությամբ է տեղաշարժվում, իջնել, բոլորի հետ զրուցել չի կարողացել:

«30 տարի այստեղ ապրում եմ, հլը ոչ մեկը չի մոտեցել, ասի՝ ո՞նց ես ապրում, ի՞նչ է պետք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Իր նախընտրած թեկնածուն ունի, բայց նկատեց՝ ով էլ ընտրվի, թող ժողովրդին գլխի վրա պահի:

Փարաքարցիներն այս կիրակի արտահերթ ընտրությամբ համայնքի ղեկավար են ընտրելու: Թեկնածուները 4-ն են, համայնքի նախկին ղեկավար, 2021-ին «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմած Դավիթ Մինասյանը, որն այս անգամ «Ազգային առաջընթաց» խմբակցությունով է մասնակցում ընտրություններին, իշխանականների հետ համագործակցությունն այս անգամ էլ չի բացառում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարաքարում ընտրարշավը հին հոգսերի ու չիրականացված խոստումների մասին է հիշեցրել

Մինասյանի տեղակալն է եղել Գոռ Սարիբեկյանը, որն այս ընտրություններին մասնակցում է «Կայունություն» կուսակցության ցուցակով: «Ես բաց եմ լինելու, բոլորի համար ես բաց եմ համայնքի կոնստրուկտիվ կառավարման համար», - ասաց նա:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն նախորդ տարի նոյեմբերին համայնքապետի պաշտոնից հրաժարականով հեռացած Լյուդվիգ Գյուլնազարյանն է: Հրաժարականից օրեր առաջ վիճաբանություն էր եղել Երևանում, հնչել էին կրակոցներ, մեկ մարդ սպանվել էր, մամուլը գրել էր՝ Գյուլնազարյանը ներկա է եղել այդ միջադեպին ու ոտքից վիրավորվել: Հետո ասել էր՝ ինքը միջադեպի հետ կապ չունի, բայց միևնույն է՝ հրաժարական էր ներկայացրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իմ կամքից անկախ հայտնվել եմ մի տեղ ոչ ճիշտ ժամին, ոչ ճիշտ վայրում». Փարաքարի նախկին համայնքապետ



Այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չորս թեկնածուներին էլ ճանաչում է, բոլորի հանդեպ էլ լավ է տրամադրված, ամեն ինչ անելու է, որ համայնքը ծաղկի, բայց ընդգծեց՝ ընդդիմադիր աոլոդյա Գրիգորյանի խմբակցությունը՝ «Ապրելու երկիր»-ը, չի մասնակցել համայնքի կառավարմանն, ու ավագանու նիստերը չեն գումարվել, ինչի հետևանքով համայնքի բյուջեն չի ձևավորվել: Ասաց՝ երբ ընտրվի, առաջին այդ հարցն է լուծելու:

«Մեր ավագանիների չներկայանալու պատճառով մնացել է, դրանից ամենաառաջնայինը բյուջեի ձևավորման հարցն է, շատ խնդիրներ կան, որ չեն կարողանում լուծում ստանալ, ու շատ անհրաժեշտ», - ասաց նա:

«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը, որ «Միասնություն» դաշինքի թեկնածուն է այս ընտրություններում, հիշեցրեց՝ 2021-ին Փարաքարի ընտրություններում 10 մանդատ էին ստացել: Ընտրություններից հետո նրանց իշխանության գալ չհաջողվեց, թեև ամենաշատ քվեն՝ 49 տոկոս ձայն էին ստացել: Իշխանությունը կազմավորվեց ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան« դաշինքի միավորումից:

«Իրենք կարող էին նիստեր հրավիրել և իրենց մեծամասնությունով քվեարկել և անցկացնել բյուջեն, իզուր էժան պահվածքը մեզ չվերագրել», - շեշտեց նա:

Չորս թեկնածուներն էլ հիմնականում խոստանում են լուծել 9 գյուղ ներառող ու մոտ 19 հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքի կիսատ մնացած գործերը՝ ասֆալտապատում, կոյուղիների խնդիր, տրանսպորտ, լուսավորություն և այլն:

Իշխող ՔՊ-ական թեկնածուն կարծում է, որ 50+ ձայներ կհավաքեն, այսօր էլ համայնքապետարանի առջև բեմ էին պատրաստում, որտեղ ամփոփիչ ելույթ կունենան: Մյուս թեկնածուները կանխատեսումներ չեն անում, բայց «Միասնություն» դաշինքի թեկնածու, «Ապրելու երկրի» անդամ Վալոդյա Գրիգորյանը վստահ է՝ ինչպես նախորդ, այս անգամ էլ կհաղթեն:

Իսկ ինչ ակնկալիքներ ունեն ընտրողները, տեսանյութում.