Նյու Յորքում սպասվում է Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա Թուրքիայի տանը՝ Մանհեթենում գտնվող ու Թուրքիային պատկանող երկնաքերում:
Վարչապետ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։ Նախքան հնարավոր հանդիպումը Էրդողանն արդեն խոսել է հայ-ադրեբաջանական հարաբերություններից։ Միացյալ Նահանգների վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել։
Փաշինյան - Էրդողան հնարավոր հանդիպման մասին հայկական կողմը դեռ ոչինչ չի հայտնում։
Մինչ այդ Հայաստանում Եվրամիության դեսպաններն են այցելել հայ-թուրքական սահման։ Նրանց ուղեկցել է պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ներկայացրել անցակետի վերակառուցման աշխատանքները։
Երկու ամիս առաջ վարչապետ Փաշինյանն էր այստեղ ու հայտարարեց, որ անցակետի արդիականացման համար ծախսվել է մեկ միլիարդ դրամ։ Երկու տարի առաջ Վիեննայում կողմերը պայմանավորվեցին սեղմ ժամկետում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։
Հայկական կողմից անցակետը պատրաստ է, իսկ Թուրքիայից քայլեր չկան պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների վերջին հանդիպմանն էլ, որը հուլիսի 30-ին էր, այս հարցի պատասխանը չհնչեց։
Առաջընթաց չկա, մոտ երկու շաբաթ առաջ խոստովանել է հայկական կողմի բանագնացը։ Հայկական կողմը պատրաստ է բաց սահմանների, եթե Թուրքիան քաղաքական կամք դրսևորի, «Ազատության» հետ զրույցում ասել էր Ռուբեն Ռուբինյանը:
«Դրա պատճառը հաստատ հայկական կողմի քաղաքական կամքի բացակայության մեջ չէ: Հայկական կողմն ունի այդ քաղաքական կամքն, ու մենք պատրաստ ենք հենց վաղն ունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, հենց վաղն ունենալ բաց սահմաններ ու հույս ունենք, որ Թուրքիայի կողմից նույնպես նման դիրքորոշում կտեսնենք ու համապատասխան գործողություն», - նշել է Ռուբինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն Անկարայից քաղաքական կամք է ակնկալում. Ռուբինյան
Էրդողանի հաշվարկները՝ չեն թողնում, որ հայ-թուրքական սահմանը բացվի։ «Ազատության»-ն ասել էր Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը։ Նրա կարծիքով՝ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է ճնշեն, որ Թուրքիան սահմանը բացի։
«Էրդողանը սրա հաշիվն է անում՝ հիմա ես Պուտինի հետ ընկեր եմ, Ալիևի հետ էլ ընկեր եմ, եթե այս սահմանը բացեմ Ալիևն ու Պուտինը գոհ չեն լինի և Արևմուտքի երկրներից ոչինչ չեմ տեսնի, դրա համար Էրդողանը սպասում է», - նշել է Փայլանը:
Չնայած հանդիպումից հանդիպում կողմերը վերահաստատում են սահմանը բացելու ու առանց նախապայմանների գործընթացը շարունակելու պայմանավորվածությունը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկուկես ամիս առաջ հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ ընդհանուր հայտարարի դեռ չեն գալիս։ Երևանն առաջարկում է խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրել, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնել, Բաքուն դեմ է։ Անկարան պաշտպանում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքվի դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում սահմանը կբացվի»․ Ֆիդան