Նասրալլայի սպանությունն «ուժերի հավասարակշռությունը փոխելուն» ուղղված քայլ էր. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Հեզբոլա» զինյալ խմբավորման առաջնորդի սպանությունն անհրաժեշտ քայլ էր՝ ուղղված «տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը գալիք տարիների ընթացքում փոխելուն»:

Հասան Նասրալլայի մահվան լուրի հաստատումից հետո իր առաջին հայտարարության մեջ Նեթանյահուն նախազգուշացրել է սպասվող դժվար օրերի մասին:

Լիբանանյան շիա ռազմաքաղաքական խմբավորումը (ուժը ներկայացված է երկրի խորհրդարանում), որը Միացյալ Նահանգները ահաբեկչական կառույց է ճանաչել, իսկ ԵՄ-ն դրա զինված թևը ներառել սև ցուցակում, երեկ հաստատեց իսրայելական բանակի պնդումները՝ խմբավորման առաջնորդը սպանվել է, պնդեց, թե Նասրալլայի կորստից հետո էլ Իսրայելի դեմ պայքարը կանգ չի առնի։

Նեթանյահուն Նասրալլային մեղադրել է բազմաթիվ իսրայելցիների, ինչպես նաև այլ երկրների հարյուրավոր քաղաքացիների սպանության մեջ և ասել, որ նա ուժեղացրել է «Հեզբոլա»-ի գլխավոր հովանավոր Իրանի վտանգավոր ազդեցությունն ու քաղաքականությունը:

Խմբավորման առաջնորդը սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված ծանր հարվածների զոհերի թվում է։

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը նամակով կոչ է արել Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Լիբանանին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Նասրալլայի սպանությունն անվանել է «արդար դատաստան», ՄԱԿ-ի ղեկավարը «խիստ անհանգստություն» է հայտնում