Նախարարից տարագիր. Վանո Սիրադեղյան

Նոյեմբերի 13-ը գրող, պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 78 տարեկան։

Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:

1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց, Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն, նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից:

2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա փախուստի դիմեց՝ հայտնվելով հետախուզման մեջ:

2021-ի աշնանը ընտանիքը հայտնեց Վանո Սիրադեղյանի մահվան մասին։ Նա հուղարկավորվեց իր հայրենի Կոթի գյուղում։

Սիրադեղյանի կուսակցական գործընկերները, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի անդամները պնդում էին՝ Վանո Սիրադեղյանի աճյունը պետք է ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, ինչը տեղի չունեցավ։