Մատչելիության հղումներ

Վանո Սիրադեղյանը կհուղարկավորվի Կոթի գյուղում` չնայած Պանթեոնում հուղարկավորելու առաջարկներին


Պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ավելի քան մեկ ամիս առաջ տարագրության մեջ մահացած Սիրադեղյանին հողին կհանձնեն հաջորդ օրը՝ իր հայրենի Կոթի գյուղում, հայտնում է այս առիթով կառավարությունում ստեղծված հանձնաժողովը։

Ընտանիքը Սիրադեղյանի մահվան մասին հայտնել էր մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ 75 տարեկանում մահացած Վանո Սիրադեղյանը անկախ Հայաստանի հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի հիմնադիր և ղեկավար անդամ: 90-ականներին մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, եղել է ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:

1998 թվականի իշխանափոխությունից ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ դիտավորյալ սպանությանը հանցակցելու համար։ Նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա հեռացավ Հայաստանից և մինչև կյանքի վերջը հետախուզման մեջ էր:

Սիրադեղյանի կուսակցական գործընկերները, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի անդամները պնդում էին՝ Վանո Սիրադեղյանի աճյունը պետք է ամփոփվի Կոմիտասի անվան Պանթեոնում, ինչն, ինչպես այսօր պարզվեց, տեղի չի ունենա։

Ընդ որում, այս մասին հնչում են իրարամերժ կարծիքներ ու մեկնաբանություններ:

Թաղման կառավարական հանձնաժողովի անդամ, «Վանոյի հետ և առանց Վանոյի» ժողովածուի հեղինակ, լրագրող Վասակ Դարբինյանն ասում է, թե ընտանիքն է Կոթիում հուղարկավորելու ցանկություն հայտնել։ Դարբինյանը, սակայն, չի հստակեցնում՝ ով և ինչ հանգամանքներում է այդ տեղեկությունը փոխանցել:

Սիրադեղյանի կուսակից, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, «Ազատության» եթերում պնդեց՝ ընտանիքը ցանկացել է Սիրադեղյանին Պանթեոնում հուղարկավորել. «Եվ ընտանիքի դիրքորոշումը եղել է, որ պետք է լինի Պանթեոնում, և Կոնգրեսի հայտարարությունն եք հիշում, որ Պանթեոնում պետք է հուղարկավորվի, հետո եղավ …, որը հարյուրավոր մարդիկ ստորագրեցին, հետո եղավ գրող, մշակութաբան, տարբեր մտավորականների մի հայտարարություն, որը պահանջում էր, այսինքն` կար հանրային պահանջ, որը ներկայացված էր բավականին լուրջ տեսքով, և շատ հիմնավորված պահանջ էր, և այս իշխանությունը փաստորեն դա ձախողեց»:

«Ազատությանը» Վանո Սիրադեղյանի որդին` Խաչատուր Սիրադեղյանը կառավարության հաղորդագրությունից զատ այլ մանրամասներ հայտնել չցանկացավ։

Ավելի վաղ Սիրադեղյանի կինը «Ազատությանը» տված պարզաբանման մեջ ասել էր, թե ինքն է իրականացնելու Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան՝ հորդորելով զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից»: Մինչ այս պահը հստակ չէ՝ որտեղ, երբ, ինչ հանգամանքներում է մահացել Սիրադեղյանը, և կոնկրետ երբ է նրա աճյունը Հայաստան տեղափոխվելու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG