Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը։
Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքը հայտարարել էր հոկտեմբերի 16-ին։ Տարագրության մեջ մահացած գործչի աճյունը Հայաստան տեղափոխելու հետ կապված բարդություններ էին առաջացել և փաստորեն մահվան մասին լուրից ավելի քան մեկ ամիս անց նոր տեղի է ունենում Սիրադեղյանի հրաժեշտի արարողությունը։
Սիրադեղյանի կինը «Ազատությանը» տված պարզաբանման մեջ ասել էր, թե ինքն է իրականացնելու Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան՝ հորդորելով զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից»:
Նրա հուղարկավորությունը վաղն է՝ գրողի հայրենի Կոթի գյուղում, թեև կուսակիցները պնդում էին, որ Սիրադեղյանի աճյունը պետք է ամփոփվի Կոմիտասի անվան Պանթեոնում։
75 տարեկանում մահացած Վանո Սիրադեղյանը անկախ Հայաստանի հիմնադիրներից էր, «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի հիմնադիր և ղեկավար անդամ: 90-ականներին մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, եղել է ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:
1998 թվականի իշխանափոխությունից ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ դիտավորյալ սպանությանը հանցակցելու համար։ Նա 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա հեռացավ Հայաստանից և մինչև կյանքի վերջը հետախուզման մեջ էր:
Այսօր Վանո Սիրադեղյանին հրաժեշտ տալու էին եկել նաև կուսակից ընկերները, նրա գրական ստեղծագործությունները գնահատողները, ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։