Մատչելիության հղումներ

«Ֆիզիկապես գոյություն չունեցող Վանոն սպառնալիք է բոլորի համար». Արամ Մանուկյան


Վանո Սիրադեղյանն այսօր կդառնար 75 տարեկան։ Գրող, պետական և քաղաքական գործչի ընտանիքի անդամները հոկտեմբերի կեսերին հայտարարեցին նրա մահվան գույժը։ Մեկ ամիս անց, սակայն, 20-ից ավելի տարիներ օտարության և անհայտության մեջ ապրած Սիրադեղյանի աճյունը դեռ Հայաստան չի տեղափոխվել, հայտնի չէ նաև, թե որտեղ են հուղարկավորելու Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկը հանդիսացող, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման հիմնադիր և ղեկավար անդամ, Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցրած Վանո Սիրադեղյանին։

1998-ի իշխանափոխությունից հետո նա մեղադրվում էր մի շարք ծանր հոդվածներով և գտնվում հետախուզման մեջ: Այսօր նրա ընկերներն ու ազգականները, իրենց ձևակերպմամբ, «անկախ ստեղված ցավալի ու անհասկանալի» իրավիճակից, Սիրադեղյանի ծնունդը նշում էին քաղաքի տարբեր կրթական և մշակութային կենտրոններում՝ հիշում նրա ստեղծածը, պատմում նրա հետ կապված հումորային դրվագներ:

Թեթև օր՝ ծանր հարցերով. հնչեց մի քանի անգամ՝ ինչո՞ւ մահից հետո էլ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում Սիրադեղյանին հայրենիք։ Գրչակից ընկեր Հակոբ Մովսեսն ու կուսակից Լևոն Զուրաբյանը վստահ են՝ նպատակն է՝ մոռացության գիրկն ուղարկել Սիրադեղյանի բոլոր ժամանակների համար դիպուկ գրականությունը. «Սա իրականում քաղաքականություն է՝ ուղղված Վանո Սիրադեղյանի գրականությունը ոչնչացնելուն»:

Չշրջանցվեց նաև Սիրադեղյանի հուղարկավորության հետ կապված խնդիրը. ստորագրահավաք են սկսել նրան Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու պահանջով։

Սիրադեղյանի մահվան վերաբերյալ հայտարարությունից շուրջ երկու շաբաթ անց հայտնի դարձավ, որ ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը նոյեմբերի 8-ին էր կայացել։

Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, որը այդ հանձնաժողովի անդամներից է, այսօր էլ չցանկացավ խոսել՝ ինչ է քննարկվել։ Նիստի մասին չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն։ Այն նախագահող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առայժմ չի արձագանքել «Ազատության» հարցմանը։

Մամուլը, մասնավորապես, «Չորրորդ իշխանությունը», սակայն, մանրամասներ հրապարակել էր։ Ըստ թերթի, որևէ հարցի կոնկրետ պատասխան չի տրվել, այդուհանդերձ պարզ է, որ իշխանությունը հակված չէ Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։ Փոխարենը առաջարկ է հնչել «Սիրադեղյանին հուղարկավորել Երևանի քաղաքային պանթեոնում՝ Թոխմախում, առանձին մի վայրում, որը կդառնա քաղաքական գործիչների գերեզմանոց»։

«Արձակի երկիր էր մտել մի տղա, որ իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ», - ժամանակին մեծ գրող Հրանտ Մաթևոսյանն էր այսպես արտահայտվել Վանոյի մասին։ Այսօր Մաթևոսյանի անվան թանգարան-կենտրոնում նրա որդին՝ Դավիթ Մաթևոսյանն ընդգծեց՝ իրենք՝ Վանոյին գնահատողները, գիտեն՝ ինչ կանեն հետո՝ անկախ օրվա իշխանության գործողությունից։

Շատ ավելի կոշտ էին Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի ձևակերպումները, որը ներկայիս իշխանություններին մեղադրեց 98-ի հեղաշրջումը շարունակելու մեջ. «Դա արտահայտվեց նաև Վանոյին Հայաստան չբերելով, ես մի անգամ եմ Նիկոլին հանդիպել՝ անկախությանը օրը Գյումրիում, և այդ մի խնդրանքն եմ իրան ներկայացրել, չարեց: Ֆիզիկապես գոյություն չունեցող Վանոն սպառնալիք է բոլորի համար, և իրենք մատը-մատին չտվեցին՝ Վանոյի դիակը Հայաստան բերելու և ըստ արժանվույն թաղելու, շարունակվում է արդեն շուրջ մեկ ամիս: Հիմա էլ արդեն քննարկման նյութ չեն դարձնում այդպիսի հզոր քաղաքական գործչին, այդպիսի հզոր գրական գործչին Պանթեոնում թաղելու համար: Սա ամոթ է, խարան է այս իշխանությունների համար և նախորդների համար, բայց դա ամենևին չի ստվերելու, չի նսեմացնելու, չի խեղճացնելու այն հզոր կերպարի էությանը, երևույթը, որը կոչվում է Վանո Սիրադեղյան»:

Պատմություններ՝ անկախության ճանապարհին, գրական կլոր սեղան, թատերականացված ընթերցումներ, արխիվային լուսանկարների ցուցադրություն, երեկոյան ուշ էլ՝ Մատենադարանում Վանո Սիրադեղյանի գեղարվեսական արձակի առաջին համահավաք ժողովածուն՝ «Դուռը» կներկայացվի։ Կա ավելի հեռահար նպատակ՝ նոյեմբերի 13-ն ամրագրել որպես սիրադեղյանական օր։

Հայտնի գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանն այսօր կդառնար 75 տարեկան։ Կյանքի վերջին ավելի քան 20 տարիները Հայաստանի ներքին գործերի նախկին նախարարն անցկացրեց տարագրության մեջ։ «Ազատություն»-ը Նորագույն պատմություն շարքի հերթական թողարկման մեջ ներկայացնում է, թե ինչպես 1999-ի հունվարին սկիզբ դրվեց Սիրադեղյանի դեմ քրեական հետապնդմանը, որն ի վերջո հանգեցրեց Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի փաստացի հեռացմանը երկրից:

XS
SM
MD
LG