Ռուսաստանը կարձագանքի ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ազդակներին, եթե դրանք լուրջ լինեն, 2024 թվականին Ռուսաստանի վարած դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Թրամփի թիմից ազդակներ են ստանում, որ ԱՄՆ նոր վարչակազմը վճռական է տրամադրված՝ վերսկսելու Ռուսաստանի հետ երկխոսությունը, ինչը ըստ Լավրովի՝ միանգամայն նորմալ է, քանզի միշտ, նույնիսկ երբ երկրների միջև կան թշնամական հարաբերություններ, պետք է պահպանել երկխոսությունը, տեսնել, թե յուրաքանչյուրն ինչ է ուզում փոխանցել մյուսին, սա է դիվանագիտության իմաստը, որ դիվանագետները շփվեն նույնիսկ պատերազմների ժամանակ:
«Հետևաբար, եթե Վաշինգտոնի նոր թիմից ստացվող ազդակները լուրջ լինեն, իհարկե, մենք կարձագանքենք դրանց ... Սակայն երկխոսությունն ընդհատել են ամերիկացիները, ուստի նրանք էլ պետք է կատարեն առաջին քայլը, մենք սպասում ենք Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի վարչակազմի կողմից քաղաքականության պաշտոնական ձևակերպմանը: Եթե Վաշինգտոնը հաշվի առնի մեր օրինական շահերը, ապա երկխոսությունը, իհարկե, ոչ թե անօգուտ, այլ արդյունավետ կլինի, բայց եթե մեր շահերը հաշվի չառնեն, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,- ընդգծել է Լավրովը։
ԱՄՆ հեռացող վարչակազմը փորձում է փչացնել ամեն ինչ. Լավրով
Լավրովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը ձգտում է փչացնել ամեն ինչ և վատ ժառանգություն թողնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին: Ըստ նրա՝ ամերիկյան քաղաքականությունում դեմոկրատները մշտապես աչքի են ընկել այս սովորությամբ՝ վերջին անգամ խնդիրներ ստեղծել հաջորդ վարչակազմի համար:
«Եվ հիմա նրանք ցանկանում են միաժամանակ կեղտող հնարք անել թե՛ սերբերի, թե՛ Թրամփի վարչակազմի հետ»,- ասել է Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պահանջը Սերբիային՝ զրոյի հասցնել «Սերբիայի նավթային արդյունաբերություն» ընկերությունում ռուսական «Գազպրոմ»-ի և «Գազպրոմ Նեֆթ»-ի բաժնեմասը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պահանջում է հեռացնել ռուսական մասնաբաժինը սերբական NIS-ից․ Վուչիչ
ՌԴ գլխավոր դիվանագետը կարծում է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման նույն կերպ վարվեց, երբ իշխանությունը Թրամփին փոխանցելուց երեք շաբաթ առաջ «վտարեց դիվանագիտական հաստատությունների 120 ռուս աշխատակիցների»։ Նույնը հիմա, ըստ նրա, անում է Բայդենի հեռացող վարչակազմը:
Անվտանգության երաշխիքներ Ուկրաինային
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցը, սակայն պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում գլխավորը կլինի եվրասիական համատեքստը։ Ըստ նրա՝ բոլորը վաղուց հասկացել էին, սակայն միայն հիմա են սկսել խոստովանել, որ հարցը Ուկրաինան չէ, այլ այն, որ այս երկիրն օգտագործում են, որպեսզի թուլացնեն Ռուսաստանը:
«Անշուշտ, մեր արևմտյան սահմանների վրա սպառնալիքները պետք է վերացվեն որպես հիմնական պատճառներից մեկը։ Դրանք, հավանաբար, կարող են վերացվել միայն ինչ-որ ավելի լայն համաձայնագրերի համատեքստում, մենք պատրաստ ենք քննարկել անվտանգության երաշխիքներ նույն երկրին, որն այժմ կոչվում է Ուկրաինա, կամ այս երկրի մի մասի համար, որը դեռ չի ինքնորոշվել, ի տարբերություն Ղրիմի, Դոնբասի և Նովոռոսիայի: Բայց, չնայած անվտանգության այս ասպեկտի կարևորությանը, գերիշխող է լինելու եվրասիական համատեքստը»,- բացատրել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը նախատեսում է Թրամփի հետ քննարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու երաշխիքները․ FT
Լավրովն ընդգծել է, որ եվրաատլանտյան մոտեցումը ողջ Եվրասիայի նկատմամբ պատրանք է, Եվրասիայի արևմտյան մասը չի կարող մեկուսանալ այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պարսից ծոցը, ողջ Հարավային Ասիան:
«Եվ հարկավոր է մայրցամաքն այնպես զարգացնել, որ դրա կենտրոնական մասում՝ Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Հեռավոր Արևելքում, Թայվանի նեղուցում, Հարավչինական ծովում, հարցերը որոշեն տարածաշրջանի երկրները, և ոչ թե [ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս] Սթոլթենբերգը, որն ասում է, որ մենք կաշխատենք այնտեղ, քանի որ ՆԱՏՕ-ի անվտանգությունը կախված է Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանից»,- ասել է նախարարը։
Շարքից հանել «Թուրքական հոսք»-ը
Սերգեյ Լավրովն ասել է, որ մրցակցությունից խուսափելու համար ԱՄՆ-ն հավանություն է տալիս էներգետիկ ենթակառուցվածքների դեմ «ահաբեկչական հարձակումներին»։ Դրա վառ օրինակը, ըստ նրա, Կրասնոդարի երկրամասի «Ռուսկայա» գազի կոմպրեսորային կայանի վրա հունվարի 11-ին իրականացված հարձակումն էր անօդաչուներով: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային դրդում է շարքից հանել «Թուրքական հոսք»-ը:
«Ես շատ ուժեղ համոզմունք ունեմ. Միացյալ Նահանգներին պետք չէ որևէ մրցակից որևէ ոլորտում, սկսած էներգետիկայից, որտեղ նրանք, առանց վարանելու, հավանություն են տալիս ահաբեկչական գործողությունների, որպեսզի ոչնչացնեն Եվրոպական միության էներգետիկ բարեկեցության հիմքերը, որտեղ նրանք իրենց ուկրաինացի հաճախորդներին դրդում են անել նույնը, որպեսզի հիմա էլ, «Հյուսիսային հոսք»-ից հետո շարքից հանեն նաև «Թուրքական հոսքը»,- ասել է նա: