Մատչելիության հղումներ

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ շաբաթներին․ Թրամփի խորհրդական


Թրամփ - Պուտին հանդիպում Հելսինկիում, 2018թ․
Թրամփ - Պուտին հանդիպում Հելսինկիում, 2018թ․

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ շաբաթներին, ABC News-ին տված հարցազրույցում ասել է կոնգրեսական Մայք Ուոլցը, ում Թրամփն ընտրել է որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական։

Ուոլցը նշել է, որ դեռ չեն որոշել հանդիպման հստակ ձևաչափը, բայց աշխատում են դրա վրա։ Ամերիկացի պաշտոնյան նաև ասել է, որ Ուկրաինան մարդուժի խնդիր ունի, և պետք է առաջնահերթ լուծի այդ հարցը: Բացի դրանից՝ պատերազմն ավարտելու վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է նաև կայունացնել իրադրությունն առաջնագծում:

«Նրանք մարդուժի հետ կապված խնդիրներ ունեն: Նրանք, անշուշտ, խիզախորեն են կռվել, նրանք, իհարկե, կռվել են ազնվորեն և հաստատակամորեն, բայց մարդուժի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն», - նշել է Մայք Ուոլցը:

Թրամփի խորհրդականը նաև ասել է, որ եթե Ուկրաինան աշխարհից օգնություն է խնդրում, ապա իրենք ևս պետք է համարժեք քայլեր կատարեն և իջեցնեն զորակոչի տարիքային շեմը:

«Նրանք զորակոչում են 26 տարեկաններին, ոչ թե 18 տարեկաններին։ Չեմ կարծում, որ շատերն են սա գիտակցում … Գիտեք, եթե ուկրաինացիներն աշխարհին խնդրել են ամեն ինչ անել իրենց ժողովրդավարությունը պաշտպանելու համար, ապա նրանք նույնպես պետք է ամեն ինչ անեն այդ ժողովրդավարությունը պաշտպանելու համար», - ասել է Թրամփի խորհրդականը:

Արևմտյան մամուլը վերջին շրջանում բազմիցս գրել է, որ ռազմաճակատում ռուսական զորքերի վերջին հաջողությունների հիմնական պատճառներից մեկը նրանց կենդանի ուժի զգալի առավելությունն է, և ԱՄՆ հեռացող վարչակազմն արդեն Ուկրաինային կոչ է արել իջեցնել զորակոչի տարիքային շեմը ներկայիս 25 տարեկանից։

Բելգրադը պատրաստ է հարթակ դառնալ բանակցությունների համար

Մինչ պատրաստվում է Թրամփ-Պուտին հանդիպումը, երեկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Բելգրադը պատրաստ է հարթակ դառնալ երկու երկրների ղեկավարների բանակցությունների համար:

«Ես երբեք չեմ խառնվել համաշխարհային գործերին, բայց Սերբիան շահագրգռված է հանդիպման վայր դառնալ Ռուսաստանի նախագահի և Ամերիկայի նախագահի համար։ Մենք լիովին պատրաստ ենք երաշխավորել երկու նախագահների անվտանգությունը», - հայտարարել է Վուչիչը:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին երեկ հայտարարել է, որ իշխանությունները դեմ չեն երկրի տարածքում Թրամփի և Պուտինի հանդիպման կազմակերպմանը, սակայն պաշտոնական Բեռնն այս հարցի շուրջ դեռ երկխոսություն չի սկսել Մոսկվայի և Վաշինգտոնի հետ:

Կրեմլ. Կա ըմբռնում և քաղաքական կամք

Կրեմլից արձագանքել են Թրամփի խորհրդականի հայտարարությանը՝ նշելով, որ հանդիպման համար դեռ կոնկրետ նախապատրաստություն չկա, սակայն հավելել են, որ դրա համար կա ըմբռնում և քաղաքական կամք։

«Շատ երկրներ են առաջարկում իրենց ծառայությունները՝ որպես վայրեր, ուր Պուտինի և Թրամփի միջև հնարավոր շփումներ կարող են տեղի ունենալ, բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է, բովանդակային նախապատրաստություններ չկան, բայց կա հայտարարված ըմբռնում և քաղաքական կամք, որ նման շփումները կլինեն շատ, շատ անհրաժեշտ և նպատակահարմար: Այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք Վաշինգտոնում վարչակազմի փոփոխությունից հետո», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Անդրադառնալով Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հարցին՝ Պեսկովն ասել է, որ դա ուկրաինական ճգնաժամի կարգավորման անբաժանելի մասն է, սակայն այսօր բանակցությունների համար նախադրյալներ չկան:

«Սա հարց է, որն ուկրաինական հակամարտության կարգավորման թեմայի բաղկացուցիչ մասն է, դա այս ընդհանուր թեմայի տարրերից մեկն է։ Բայց քանի որ այս պահին բանակցությունների վերսկսման համար նախադրյալներ չկան, ուկրաինական կողմը հրաժարվում է դրանից, ուստի դեռ վաղ է այդ մասին խոսել», - նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Պեսկովը հիշեցրել է՝ Պուտինը բազմիցս է ասել, որ Մոսկվան բաց է և պատրաստ է կապ հաստատել բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների:

Ուկրաինացիները հյուսիսկորեացիների են գերեվարել

Մինչ այդ, ռուս - ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զինուժը Դոնեցկում հերթական բնակավայրն է գրավել: Ռազմաճակատից վերջին օրերին ուշագրավ լուրերից մեկը, թերևս, Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեացի երկու զինվորների գերեվարումն է: Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել նրանց հարցաքննությունից և առաջարկել է նրանց փոխանակել ուկրաինացի գերիների հետ։

Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունն այսօր հայտարարել է, որ ռուս - ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեացի զինվորների շրջանում զոհվերի թիվը մոտ 300 է, իսկ վիրավորներինը՝ 2700:

XS
SM
MD
LG