Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվանից չի հստակեցնում՝ առաջարկում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից առա՞ջ, թե՞ հետո։
«Ազատության» երեկվա հարցմանն ի պատասխան, կառավարությունից այսօր հորդորել են հետևել վարչապետի առաջիկա հրապարակումների և ելույթներին։ Որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչով է պայմանավորված արձագանքի հետաձգումը։
Խաղաղություն հաստատելու ճանապարհին օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել էր նաև լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինը՝ Մինսկի խումբը։ Փաշինյանի այս առաջարկը որպես նախապայման հենց Բաքուն է մշտապես առաջ քաշել։
Դեռևս անցած օգոստոսին Հայաստանի վարչապետն ասել էր, որ Մինսկի խմբի լուծարմանը կարելի է անդրադառնալ, երբ խաղաղությունը կայացած փաստ կլինի։ Այժմ արդեն, երբ Ալիևի պահանջը որպես առաջարկ Հայաստանի ղեկավարը ներկայացնում է Ադրբեջանին, պարզ չէ, արդյոք Փաշինյանը շարունակո՞ւմ է պնդել, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի միմիայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Թե՞, այնուամենայնիվ, վերջին շրջանում դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել և հայկական կողմը պատրաստ է լուծարել Մինսկի խումբը մինչև փաստաթղթի ստորագրումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆՄինսկի խումբը լուծարելու «հետևանքները սարսափելի կարող են լինել»
Փաշինյանի իշխանության տարիներին փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Ավետ Ադոնցը համոզված է՝ Մինսկի խումբը լուծարելու Հայաստանի իշխանության առաջարկը իրականում ադրբեջանական նախապայմանի ընդունում է։
«Կարող են անունը դնել առաջարկություն, կարող են դնել նախաձեռնություն, բայց սա պարզապես համաձայնություն է այն նախապայմանին, որը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի», - ասաց նախկին փոխարտգործնածարարը:
Ավետ Ադոնցն ընդգծեց. - «Մինսկի խումբը փակելու հետևանքներն, այնուամենայնիվ, շատ-շատ վախենալու են: Հետևանքները կարող են լինել այնպիսին, որ իրականում վերջիվերջո այս 30 տարին, այնուամենայնիվ, Հայաստանն ընկալեն որպես, չեմ ուզում կրկնել Ալիևի ասածները, բայց կարող են ընդունել որպես դեստրուկտիվ պետություն»:
Պաշտոնաթող դիվանագետի համոզմամբ՝ Մինսկի խմբի լուծարումը նշանակում է լեգիտիմացնել 2020 թվականի ադրբեջանական ռազմական ագրեսիան և պատերազմի միջոցով հակամարտությունը լուծելու Բաքվի քայլը, լեգիտիմացնել Արցախի վրա 2023 թվականի ադրբեջանական հարձակումն ու դրան հաջորդած էթնիկ զտումը, նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը։ Այդպես կփակվի միջազգային մանդատով օժտված այս կառույցի միջոցով արցախցիների վերադարձի և մյուս իրավունքների հարցերը որևէ փուլում բարձրացնելու հնարավորությունը։
Ադոնցի համոզմամբ՝ Մինսկի խմբի լուծարումը ադրբեջանական կողմը միանշանակ իր օգտին է օգտագործելու նաև Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունների ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին«Եթե խոսքը գնում է դատավարության մասին, ադրբեջանական դատական համակարգին տալիս ենք լրացուցիչ մթերք՝ գիծն առաջ տանելու համար», - նշեց նա:
Հաշվի առնելով պաշտոնաթող դիվանագետի նշած վտանգները՝ ինչո՞ւ է, այնուամենայնիվ, վարչապետ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ անում Բաքվին։ Ավետ Ադոնցն ասում է, որ Հայաստանի իշխանությունը փորձում է ամեն գնով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության, բայց նախկին փոխարտգործնախարարի համոզմամբ, այդ խաղաղությունը կառուցելու գործընթացից Մինսկի խումբը միանշանակ պետք է դուրս լինի։ Բացի պոտենցիալ վտանգներից, այդ կառույցի լուծարումը որևէ կերպ չի զսպելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիան։
ՄԽ-ը լուծարելու լիազորությունը վերապահված է ԵԱՀԿ նախարարական խորհրդին. միջազգային իրավունքի մասնագետ
Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի դիմումը բավարա՞ր է Մինսկի խումբը լուծարելու համար, ի վերջո, այն ԵԱՀԿ -ի կողմից ստեղծված միջազգային կառույց է։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասում է՝ այդ որոշումը կայացնողը ԵԱՀԿ նախարարների խորհուրդն է՝ պարզ քվեարկությամբ։
«Եթե մեծամասնությունն աջակցի այս նախաձեռնությանը, ապա, այո, հնարավոր է լուծարման վերաբերյալ որոշման ընդունում», - նշեց Սահակյանը:
Միջազգային իրավունքի մասնագետը բացատրում է՝ Մինսկի խմբի լուծարումը չէր կարող նախաձեռնվել հենց ԵԱՀԿ -ի կողմից հետևյալ պատճառով. ԼՂ հակամարտությունը քաղաքական ճանապարհով հանգուցալուծելու սկզբունքը ընդունել է նաև ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը և հակամարտության կարգավորման հարցը պատվիրակվել է հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Եվ քանի որ հարցը չի ստացել քաղաքական լուծում և Ադրբեջանը խախտելով միջազգային իրավունքը, ռազմական ճանապարհով է լուծել խնդիրը, ԵԱՀԿ-ի կողմից Մինսկի խումբը լուծարելու նախաձեռնությունը ընկալելի չէր լինի։
«Բայց երբ Հայաստանն է նախաձեռնում այս նախաձեռնությունը, հասկանալի է, որ ԵԱՀԿ-ում հնարավոր կլինի ձևավորել օրակարգ, իսկ Ադրբեջանը դիվանագիտական, քաղաքական և այլ ջանքերի շնորհիվ կփորձի ներգրավել համախոհ երկրներ ու քվեարկության շնորհիվ դադարեցնել այս խմբի գործունեությունը», - ասաց Սիրանուշ Սահակյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս է ստեղծվել և ի՞նչ է արել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Ազատության» դիտարկմանը՝ այսինքն, եթե Հայաստանը չանի այդպիսի քայլ, Ադրբեջանը միայնակ չի՞ կարող դիմել ու լուծարել Մինսկի խումբը, միջազգային իրավունքի մասնագետը պատասխանեց. - «Կարծում եմ՝ քաղաքական աջակցությունը էապես կնվազի ու քաղաքական օրակարգի ձևավորման առումով ադրբեջանական ջանքերը ձախողման կդատապարտվեն»:
Սիրանուշ Սահակյանը, որ նաև Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչն է, պնդում է՝ Ադրբեջանն է Հայաստանին պարտադրել առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Միջազգային իրավունքի մասնագետի համոզմամբ՝ Մինսկի խմբի գոյությունը վկայում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը դեռևս վերջնական լուծված չէ, և այն կարող է շարունակել իր ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչն Ադրբեջանն իբրև սպառնալիք է դիտարկում։ Այդ պատճառով, Բաքուն փորձում է «ռազմական ճանապարհով ձեռք բերված իր ավարը»՝ տվյալ դեպքում Արցախի բռնազավթումը օրինականացնել և փակել պատմության այդ էջը։