«Մեծ ցավով դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկվա որոշմամբ՝ հեռացվել է կուսակցության շարքերից։
Աղազարյանն ասաց, որ հիմնավորումներին դեռ առիթ կլինի անդրադառնալու։
«Ես նախ կուզեմ ներողություն խնդրել իմ կուսակցական գործընկերներից՝ որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում ՔՊ խմբակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում և քննարկել իմ հարցը՝ խմբակցությունից հեռացնելու։ Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից՝ մեծ ցավով»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Աղազարյանը։
Պատգամավորի ելույթից հետո խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ քարտուղարությանը խնդրեց ապահովել Աղազարյանի տեղափոխությունը խմբակցությունից նիստերի դահլիճի մեկ այլ տեղ։
ՔՊ-ն երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց, որ կուսակցության վարչության որոշմամբ, Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից։ Որպես հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։
Աղազարյանի մանդատի դեմ գործընթացը սկսվեց Ազգային ժողովում Քննչական կոմիտեի այժմ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռվից հետո։ Քյարամյանը մեղադրել էր, թե Աղազարյանը միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։ Փաշինյանն օրեր անց խոստովանեց, որ խնդրել է Աղազարյանին մանդատը վայր դնել։
Հակակոռուպցիոն կոմիտեում մեկ այլ գործով էլ է Աղազարյանն առնչվում. կասկած կա, որ հովանավորել է մանր եղջերավորների բիզնես։
Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մերժում է վարչապետի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը։ Իր կյանքի ծանրագույն որոշումն է ընդունել՝ իրեն առնչվող քրեական գործերից ելնելով, հիմնավորել էր իշխանական պատգամավորը։
Աղազարյանի որոշումից հետո Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ կարծում է, որ պատգամավորն այլևս իրենց հետ ճանապարհ չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճնշումներով մանդատ վայր չեմ դնի. Հովիկ Աղազարյանը շարունակում է պայքարել