Երևանի առաջարկին՝ մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Բաքուն դրական չի արձագանքում, մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ հայտարարում է Հայաստանի արտգործնախարարը, որն այսօր Թբիլիսիում է:
«Հուսով ենք և իրատեսական ենք համարում, և ես ինքս նաև հայտարարություն եմ արել այդ մասին, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Ադրբեջանի հետ այդ շատ կարևոր փաստաթուղթը: Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը՝ մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել՝ արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար: Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու», - ասաց Միրզոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կրկին հայտարարում է՝ խաղաղության պայմանագիրը «մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում» կարելի է ստորագրելՄեկ շաբաթ առաջ Թբիլիսիում էր նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Հենց այդ այցի ժամանակ նա խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտ էր համարել Հայաստանի Սահմանադրությունը: Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Բայրամովը միևնույն ժամանակ ասել էր՝ «բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը պնդել է, որ Հայաստանի սահմանադրությունը խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտն էՀայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Բայց պատասխանել են, թե՝ ոչ, հայտնի չէ. Արտգործնախարարությունից «Ազատության» այս հարցին դեռ չեն պատասխանել:
Ընդ որում, այս անգամ հայկական կողմը նաև գնահատականներից է զերծ մնացել, իսկ հայ - ադրբեջանական գրագրությունը չի գաղտնազերծվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը, այժմ աշխատում է դրանց ուղղությամբ. ԱԽ քարտուղարՎերջերս Երևանը Բաքվի մոտ նոր ագրեսիայի մտադրություն տեսավ: Ու մինչ հայ - ադրբեջանական սահմանազատման հարցով հանձնաժողովներին չի հաջողվում համաձայնեցնել համատեղ աշխատանքի կանոնակարգը, Հայաստանի արտգործնախարարը սահմանազատումը նույն սկզբունքներով շարունակելու կարևորությունից է խոսում։ Արդյոք ձգձգման պատճառն այն է, որ չի հաջողվում կանոնակարգում ամրագրել Ալմաթիի հռչակագիրը. այս հարցը իշխանությունները չեն հստակեցրել:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման գործընթացը, որը տեղի է ունենում, և պայմանավորվեցին երկու կողմերը, Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ մտքում ունենալով այն տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք հաստատվեցին մեր բոլոր երկրների միջև Սովետական Միության փլուզման պահից ի վեր, երբ սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները՝ վարչական սահմանները վերածվեցին միջպետական սահմանների: Մենք շատ կարևորում ենք այս սահմանազատման գործընթացի՝ այս սկզբունքներով շարունակականությունը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:
Այս ընթացքում Վաշինգտոնից հայտարարում են, թե աշխատում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայ - ադրբեջանական հանդիպման ուղղությամբ։
«Կասկած չունեմ, որ այդ ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել։ Բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը։
Հարավային Կովկասն առաջնահերթություն է պետքարտուղարի ու Պետքարտուղարության մյուս պաշտոնյաների համար, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։ Պատասխանելով հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում հայ - ադրբեջանական հանդիպում կազմակերպելու ծրագրեր կան, Վեդանտ Պատելը չի հստակեցրել՝ չցանկանալով մանրամասնել օրակարգը կամ ժամկետները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը կաշխատի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Երևանի և Բաքվի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ․ ՊատելՀայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորություն տեսնող ամերիկյան կողմը դեռ անցած շաբաթ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Երևանը հաստատեց՝ հրավերը ստացել են, ընդունել են, բայց մինչև այս պահը չեն հստակեցրել՝ արտգործնախարար Միրզոյա՞նն է մեկնելու այդ հավաքին, և արդյոք Վաշինգտոնում հայ - ադրբեջանական բանակցություններ կլինեն։ Ջեյհուն Բայրամովի Վաշինգտոն այցի մասին էլ Բաքուն այս պահին չի հայտարարել: Ադրբեջանը տևական ժամանակ բոյկոտում էր արտգործնախարարների մակարդակով ամերիկյան հարթակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին՝ հուլիսին Վաշինգտոնում