Տավուշի մարզի Աղստև գետը դարձյալ վարարել ու քանդել է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող ժամանակավոր կամուրջը։ Այն կառուցվել էր մայիսի 26-ի ջրհեղեղից հետո, երբ մասնակի քանդվել էր նաև Խաշթառակի հիմնական կամուրջը։
Երեկ փրկարար ծառայությունն էր տեղեկացրել, որ կամրջով անցնող ճանապարհը երկկողմանի փակ է։ Գործում է այլընտրանքային՝ Իջևան քաղաքից դեպի այս գյուղեր տանող հանդամիջյան ճանապարհը։ Այն գրունտային է։ Ժամանակավոր կամուրջը կառուցվել էր ճանապարհը հեշտացնելու համար, բայց անգամ դեռ վերջնական գործը չավարտած, գետը երեկ քշել, տարել է կամրջի հարակից հողային շերտն ու անցումը կամրջով անհնար դարձրել։
Փրկարար ծառայության Տավուշի մարզի հրահանգիչ Սարգիս Մարկոսյանը Տավուշ TV-ին ասել է, որ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում հետագա փլուզումները կանխելու համար։
Մայիսի վերջին 4 մարդու կյանք խլած ջրհեղեղից 7 կամուրջ Լոռիում ու ևս 2-ը Տավուշի մարզում էին փլուզվել։ Քանդված ճանապարհների ու կամուրջների փոխարեն կառավարությունը ժամանակավոր լուծումներ գտավ երթևեկությունը վերականգնելու համար, սակայն ժամանակավոր կամուրջներն արդեն մի քանի անգամ դարձյալ փլուզվել են, դրանք դեռևս վտանգավոր են տեղացիների համար։
Աղետից երկու ամիս է անցել։ Արդյո՞ք պետությունը հիմնական ճանապարհներ ու կամուրջներ կառուցելու նախաձեռնություններ ունի։ Լոոռիում ու Տավուշում մայիսի ջրհեղեղից վնասված ու ժամանակավոր վերականգնված ճանապարհներին շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փրկարարները տարհանում են Աղստևի վարարման հետևանքով ճամբարում արգելափակվածներին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն «Ազատության»-ն ասաց՝ թվում է, թե աշխատանք չի ընթանում, բայց իրականում ուսումնասիրում են փլուզված տեղանքների հիդրոլոգիական վիճակը։ Արդյունքներն ունենալուց հետո միայն նախագծեր կպատվիրեն։
«Ե՛վ կամուրջների, և՛ հենապատերի մասով ևս նմանատիպ համապարփակ ուսումնասիրություններ են իրականացվում, գրունտը, ընդերքն է ուսումնասիրվում, որպեսզի առաջիկայում կառուցվող կամուրջներն ավելի ամուր և դիմակայուն լինեն։ Գուցե այդ աշխատանքը և՛ տեղի բնակիչների համար, և՛ առհասարակ տեսանելի չէ, սակայն ներկայիս աշխատանքից է կախված առաջիկայում, թե ինչպիսի կամուրջներ և ճանապարհներ կունենանք», - հավելեց Սոնա Հարությունյանը։
Երեք մոդուլային կամուրջ Հայաստանին կտրամադրի Շվեյցարիան, որի ներկայացուցիչները ջրհեղեղից հետո Հայաստանում էին ու ուսումնասիրություններ են իրականացրել, ասաց Տարածքային կառավարման նախարարության խոսնակը. - «Մի քանի այլ մոդուլային կամուրջների մասով ևս տարբեր երկրների հետ բանակցություններ են իրականացվում, և առաջիկայում դրանք կտեղափոխվեն Հայաստան և կտեղադրվեն»։
Լոռու մարզում դեպի Բագրատաշեն տանող Մ6 ճանապարհի մասով համագործակցում են Ասիական զարգացման բանկի հետ։ Մ6-ի մոտ 100 կմ-անոց ճանապարհը մինչև 2023թ. իրականացվել է հենց Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին։ Այժմ էլ բանակցություններ են տարվում նաև վերականգնման հարցում վարկային աջակցության ստանալու ուղղությամբ, ասաց խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան․ կառավարությունը կանոնակարգը հաստատեց«Խնդիր է դրված ունենալ այնպիսի ճանապարհներ և կամուրջներ, որոնք դիմակայուն կլինեն նմանատիպ աղետներին», - շեշտեց Սոնա Հարությունյանը։
Վերջին օրերին Լոռու և Տավուշի մարզերում ակտիվ տեղումներ են։ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ վերջին օրերին գետերում ջրի ելքերի փոփոխական ռեժիմ է դիտվել։ Այսօր վաղ առավոտյան փոփոխական ռեժիմ է, կենտրոնի տվյալներով, ավելի արտահայտված է եղել։ Մայիսի ավերիչ վարարումների ժամանակ գետերի մակարդակը մինչև 7 անգամ բարձրացել էր։ Այսօրվա տվյալներով, օրինակ, Հայաստանի ամենաջրառատ գետը՝ Դեբեդն իր առավելագույն մակարդակին չի հասել։ Պաշտոնական հրապարակումներ հնարավոր փլուզումների մասին չկան։
Մեկ ամիս առաջ դատախազությունն ափամերձ տարածքներում ուսումնասիրություններ էր սկսել՝ պարզելու՝ տարիներ շարունակ ինչ է կատարվել, ինչ են կառուցել Դեբեդի ափին, և ով է տվել դրանց իրավունքը։ Այսօր «Ազատության»-ը հայտնեցին, որ դեռ արդյունքներ չունեն, ուսումնասիրությունը շարունակվում է։