Կառավարությունը կփոխհատուցի մայիսին 25-ից 26-ը Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը։ Կառավարությունն այսօր կանոնակարգը հաստատեց։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը զեկուցեց, որ մասնավորապես, կփոխհատուցվի բնակարանի, տան, կամ կենցաղային գույքի կորուստը։
«Կորսուստ կհամարվի տուժած ֆիզիկական անձի բնակարանի կամ անհատական բնակելի տան ոչնչացումը, փլուզումը կամ քանդման ենթարկա 5-րդ կամ 4-րդ կարգի վնասվածության դառնալու փաստը», - հայտարարեց, Ղազարյանը՝ նշելով, որ փոխհատուցման չափը կախված կլինի գույքի մակերեսից․ առավել տուժած բնակավայրերում մեկ քառակուսի մետրի համար 60 հազար է նախատեսված, իսկ մյուս բնակավայրերում 40 հազար դրամի չափով։
«Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ՝ 80 քառակուսի մետր», - հավելեց ՆԳ նախարարը։
«Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1մլն 200 հազար դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, 800 հազար դրամ՝ մյուս բնակավայրերում։ Աջակցությունը կփոխանցվի շահառուների բանկային հաշվին։ Աջակցության առնվազն 60 տոկոսը կօգտագործվի անկանխիկ եղանակով, մյուս 40 տոկոսը կարող է կանխիկացվել», - հայտարարեց ՆԳ նախարարը։
Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը կորոշվի Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկության հիման վրա։
Ըստ Խաչատրյանի, խոսքը 16 բնակարանի ու 2 առանձնատան (Հաղարծինում ու Ձորագետում) մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ մնացած դեպքերում մարդկանց հատկացնում են գումար, որ «հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն ու վերադառնան իրենց տներում ապրելու»։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հավելեց, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնք՝ 39 բնակավայր։ «60 հազարի գոտում Ալավերդի համայնքն է իր բնակավայրերով և Նոյեմբերյանի Այրումը, մնացած բոլորի պարագայում կկիրառենք 40 հազարը», - ասաց Սանոսյանը։
Վահե Ղազարյանն էլ ընդգծեց, որ ընդհանուր առմամբ 263 վնասված, հեղեղված կամ վնասված առանձնատուն կա։
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի անսպասելի վարարումից Լոռիում և Տավուշում ճանապարհներ, կամուրջներ, տներ են փլուզվել։ Հաղորդվել է 4 զոհի մասին։