Կառավարությունն այսօր հաստատեց՝ ինչպես և ինչ չափով կփոխհատուցեն մայիսի 26-ի ջրհեղեղից տուժած 263 բնակարանատերերին ու չորս զոհերի ընտանիքներին։
Մասնագետները մեկ շենք Ալավերդու Սանահին կայարան թաղամասում համարել են բնակության համար ոչ պիտանի։ Կքանդեն։ Շենքի 16 տերերը բնակարանների գնման վկայագրեր կստանան։ Հեղեղից փլուզված երկու առանձնատուն էլ Լոռու մարզի Ձորագետ և Տավուշի՝ Հաղարծին գյուղերում կա։ Նրանք նույնպես նոր տուն ձեռք կբերեն՝ պետության հաշվին։ Թե ինչ արժեքով, այսօր կառավարության նիստում չնշվեց։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ Կադաստրի կոմիտեն կորոշի։
«Ունենք էդպիսի պրակտիկա, Կադաստրի կոմիտեն տալիս է, թե տվյալ բնակավայրում վերջին շրջանի անշարժ գույքի գծով գործարքների արժեքը որքան է եղել և մեկ քառակուսի մետրի հաշվով միջինացված արժեքը հիմք է ընդունվում», - ասաց է փոխվարչապետը:
Հեղեղված մյուս 245 բնակարանների վերանորոգման ծախսերը գործադիրն այսպես է հաշվել՝ մեկ քառակուսի մետրի համար 60 հազար դրամ՝ Ալավերդու բոլոր բնակավայրերում և Նոյեմբերյանի Այրում գյուղում։ Իսկ մյուս բնակավայրերում, որ համարվել են ավելի քիչ տուժած, ջրից վնասված բնակարանների ամեն քառակուսի մետրի համար 40 հազար դրամ են սահմանել։
«Մարզպետարանները, համայնքները կհսկեն նորոգման աշխատանքների առաջընթացը», - նշեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Գույքի փոխհատուցման հարցը նույնպես կառավարությունը նկատի է ունեցել։ Ալավերդիում և Այրումում գույքի կորստի դիմաց սեփականատերերը կստանան մեկ միլիոն 200 հազար, իսկ մյուս տուժած բնակավայրերի տերերը՝ 400 հազարով պակաս՝ անկախ նրանից՝ արքան գույք են կորցրել ու ինչ արժեքի։ Վարչապետն ասաց՝ երկար քննարկել ու նման որոշման են եկել։
«Ճիշտ մոտեցումը սա է, որովհետև մի տան մեջ գույքը շատ է, մի տան մեջ գույքը քիչ է, բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ մենք չենք կարող հիմա գնալ ստուգել հետահայաց, թե այդ տանն ինչ գույք է եղել: Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, մեր փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում լայն տեղ է բացվում չարաշահումների համար», - նշեց Փաշինյանը:
Բացի այդ աղետի գոտում ջրհեղեղից տուժած 854 բնակիչներից յուրաքանչյուրն, անկախ տարիքից, հավելյալ սոցիալական աջակցություն կստանա։ Դարձյալ ամենաշատ տուժած վայրերում՝ 60 և մյուս բնակավայրերում՝ 40 հազարական դրամի հաշվարկով։
Կառավարության անդամներն այսօր կոնկրետ հաշվարկներ արեցին, նշեցին, որ հաշվի են առել, որ ամբողջ տունն այս գումարով հնարավոր է նորացնել՝ հատակից մինչև առաստաղ։
«Մեր առաջնային խնդիրը հետևյալն է, որ մենք մարդկանց աջակցենք, որ նրանք արագ տունը նորոգեն ու վերադառնան իրենց տանն ապրելու: Ես կարծում եմ, որ այս փաթեթը որպես աջակցություն բավականին սոլիդ փաթեթ է ստացվում», - ընդգծեց վարչապետ Փաշինյանը:
Քարկոփցի Ղամբարյանների 7 հոգանոց ընտանիքն իրենց 35 քառակուսի մետրանոց տան համար պետությունից 3 միլիոն 720 հազար դրամ կստանա։
Քնարիկ Ղամբարյանն այսօր Վանաձոր էր եկել՝ առայժմ բարեգործների աջակցությամբ սալիկներ էր գնում հատակի համար։ Ասաց՝ ջրհեղեղից առաջ տունն ամբողջովին վերանորոգել էին, գույքը նորացրել։ Երկու որդիներն ու թոռնիկը վերջին պատերազմներին զոհվել, նրանց անունից պետությունից ստացած գումարով էին տունը թարմացրել։ Հիմա ստիպված կլինեն ամեն ինչ նորից սկսել՝ ընտանիքին վրա հասած հերթական աղետից գլուխ բարձրացնելու հույսով։
«Եթե գումար տան, կսարքենք էլի: Որ դժգոհ լինեն ինչ ենք անելու, էլի լավից-վատից օգնում են», - նշեց նա:
Ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրը մեկ միլիոն դրամ կստանա։ Այսօր կառավարությունը չանդրադարձավ տուժած այգետերին ու գործարարներին։ Դեռևս բաց է մնում նաև տուժած 33 ընտանիքների հարցը, որոնք տարիներ շարունակ չեն սեփականացրել իրենց բնակարանները, առուվաճառքն օրինական չեն ձևակերպել ու ըստ փաստաթղթերի դեռևս ապրում են նախկին տերերի տանը։
Այսօր կառավարության անդամներն ասացին՝ այդ ընտանիքներն առայժմ չեն ստանա բնակարանների վերանորոգման ու գույքի փոխհատուցման միլիոնները։ Կօգտվեն միայն սոցիալական աջակցությունից՝ ընտանիքի անդամների թվով։
«Մենք էդ մարդուն տանք գումարը, հետո տերը գա ասի՝ իմ գումարը տվեք ինձ», - ասաց Փաշինյանը:
Ջրհեղեղից վնասված բնակարանատերերին աջակցության այս ծրագիրը պետության վրա մեկ միլիարդ կնստի։ Գործադիրն այսօր որոշեց, որ բնակիչները վերանորոգման և գույքի համար գումարը կստանան փուլերով։ Պարտավորված կլինեն ստացած գումարի առնվազն 60 տոկոսը ծախսել անկանխիկ եղանակով։