Եվրոպամետ Մայա Սանդուն կշարունակի ղեկավարել Մոլդովան առաջիկա չորս տարում․ երեկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նա ստացել է ավելի քան 55 տոկոս ձայն՝ առաջ անցնելով սոցիալիստ, ռուսամետ Ալեքսանդր Ստոյանոգլոյից։
«Մոլդովա, դու հաղթեցիր։ Այսօր, հարգելի մոլդովացիներ, դուք ժողովրդավարության դաս տվեցիք, որ արժանի է գրվել պատմության գրքերում։ Այսօր դուք փրկեցիք Մոլդովան», - հայտարարել է Սանդուն:
Սանդուի մրցակից Ստոյանոգլոյին երկրի ներսում ձայն էր տվել մոլդովացիների շուրջ 52 տոկոսը, սակայն նա պարտվեց, երբ սկսեցին հաշվել արտասահմանում ստացված աննախադեպ թվով՝ 325 հազար ձայները։ Սփյուռքի գերակշիռ հատվածը՝ 80 տոկոսը, ընտրել է 52-ամյա Մայա Սանդուին, ով խոստանում է Մոլդովան տանել եվրաինտեգրման։
«Մեր սփյուռքն այսօր ևս մեկ դաս է տվել մեզ, որից մենք բոլորս պետք է հետևություններ անենք: Արտերկրի մոլդովացիները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Մոլդովան նույնքան ուժեղ է բաբախում իրենց սրտերում, որքան՝ մեր», - ասել է Մոլդովայի վերընտրված նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սանդուն հաղթում է ձայների 54,97 տոկոսով՝ ըստ նախնական տվյալներիԸնտրությունների երկու փուլերն էլ անցան թեժ պայքարում։ Սանդուն դեռ քվեարկությունից առաջ էր ահազանգում, թե Ռուսաստանը փորձում է միջամտել՝ զանգվածային ընտրակաշառքի ու ճնշումների միջոցով։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։ Երեկ, սակայն, քվեարկության օրը ևս, Մոլդովայի ոստիկանությունը հայտարարեց, թե «հիմնավոր ապացույցներ» ունեն, որ ընտրողներին զանգվածաբար տարել են տեղամասեր, ինչն արգելված է օրենքով։Հետաքննում են նաև վկայություններ, որոնց համաձայն՝ չվերթներ են կազմակերպվել Ռուսաստանից, Բելառուսից, Ադրբեջանից ու Թուրքիայից։
«Այս ընտրարշավում մենք տեսանք Մոլդովայի ժողովրդավարական գործընթացների խոցելի կողմերը։ Հիմա մեր առաջնային խնդիրն է վերացնել դրանք, որպեսզի համախմբենք մեր ինստիտուտներն ու ժողովրդավարությունը», - քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտարարել է Սանդուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոլդովայի իշխանությունն ընտրողներին կոչ է անում անտեսել «ֆեյք» հաղորդագրություններըԹեժ ընտրապայքար Մոլդովայում՝ սահմանափակ լիազորություններով նախագահի պաշտոնի համարՌուսաստանի աջակցությունը վայելող սոցիալիստ Ալեքսանդր Ստոյանոգլոն մրցակցի հաղթանակը դեռ չի ճանաչել։ Փոխարենը՝ Սանդուին արդեն շնորհավորել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Վրաստանի և եվրոպական այլ երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Սա ժողովրդավարության հաղթանակն էր», - X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, հավելելով՝ ժողովրդավարությունը հաղթեց արտաքին միջամտությանն ու մանևրներին։
«Մոլդովան դժվարին ժամանակներով անցավ, և վերահաստատեց իր եվրոպական ճանապարհը», - իր հերթին, գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Հենց Սանդուի օրոք՝ անցած դեկտեմբերին, Բրյուսելը որոշեց Եվրամիությանն անդամակցության հարցով բանակցություններ սկսել Մոլդովայի հետ։ Այդ ճանապարհն անշրջելի դարձնելու համար Մայա Սանդուն անցած ամիս՝ նախագահական ընտրությունների առաջին փուլին զուգահեռ, հանրաքվեի դրեց եվրաինտեգրման հարցը։ Չնչին՝ մեկ տոկոսի տարբերությամբ, եվրոպամետները հաղթեցին՝ ստիպելով փոխել Սահմանադրությունն ու Մայր օրենքում ևս ամրագրել՝ «եվրաինտեգրումը Մոլդովայի ռազմավարական նպատակն է և ճանապարհ, որից շրջադարձ չի լինի»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայում Եվրաինտեգրման հարցն անցավ ձայների չնչին առավելությամբ