Մատչելիության հղումներ

Սանդուն հաղթում է ձայների 54,97 տոկոսով՝ ըստ նախնական տվյալների


Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն, 3-ը նոյեմբերի, 2024թ.
Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն, 3-ը նոյեմբերի, 2024թ.

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն քվեաթերթիկների 98,8 տոկոսի հաշվարկից հետո ստանում է ձայների 54,97 տոկոսը, Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 45,03 տոկոսը։

Եվրոպամետ Սանդուն հայտարարել է, որ հաղթանակ է տարել երեկ կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

«Մոլդովա, դու հաղթեցիր», - կեսգիշերից անմիջապես հետո ասել է նա, - «Այսօր, հարգելի՛ մոլդովացիներ, դուք ժողովրդավարության դաս տվեցիք, որն արժանի է պատմության գրքերում հիշատակման: Այսօր դուք փրկեցիք Մոլդովան: Ոչ ոք չի պարտվել արժանապատիվ ապագայի մեր ընտրության հարցում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ մասնակցությունն ընտրություններին գերազանցել է 54 տոկոսը, սա ավելի բարձր է, քան առաջին փուլում, ինչպես նաև 2020 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

Ընտրատեղամասերի մեծ մասի փակումից հետո Ստոյանոգլոն ասել է, որ մասնակցության բարձր ցուցանիշն ապացուցեց՝ Մոլդովան պարզապես «քարտեզի վրա կետ չէ սովորական հանդիսատեսով, այլ պատասխանատու մարդկանց երկիր»:

Երբ Սանդուն հայտարարել է իր հաղթանակի մասին, Ստոյանոգլոն կոչ է արել հանգստություն պահպանել՝ ասելով, որ «ժողովրդավարությունը նախևառաջ նշանակում է հասունություն՝ արդյունքի դիմաց»։

Ալեքսանդր Ստոյանոգլոն Մոլդովայի նախկին նախագահ, Պուտինի մերձավոր Իգոր Դոդոնի կուսակիցն է, երկուսն էլ իրենց պաշտոնավարման օրոք չարաշահումների գործերով են անցնում։

Թեև Մոլդովայում նախագահի պաշտոնը ֆորմալ առումով արարողակարգային է, սակայն նախագահները հաճախ զգալի քաղաքական ազդեցություն ունեն: Նախագահը կարող է պաշտոնավարել երկու անընդմեջ չորս տարի ժամկետով։

XS
SM
MD
LG