Ռուսաստանի Կուրսկի մարզում երրորդ օրն է մարտեր են ընթանում։
Երեկ մարզում արտակարգ դրություն է հայտարարվել, գիշերվա ընթացքում մի քանի անգամ հրթիռային տագնապ է հնչել։ Թե քանի բնակավայր են գրավել ուկրաինական ուժերը, պաշտոնական ոչ մի հստակ տեղեկություն չկա, ռուս ռազմական բլոգերները հայտնում են առնվազն 11 գյուղի մասին։ Ըստ մարզի իշխանությունների՝ 3 հազար մարդ է տարհանվել, 4 խաղաղ բնակիչ է զոհվել։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ուկրաինական ուժերին հաջողվել է 10 կիլոմետր խորանալ Կուրսկի տարածքում։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքները գրում են ավելի լուրջ առաջխաղացման՝ մինչև 25 կիլոմետրի մասին։
Իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում մոտ 5 հազար բնակիչ ունեցող Սուջա քաղաքի մասին։ Ռազմական բլոգերների մի մասը հայտնում է, թե դեռ երեկ քաղաքն անցել է ուկրաինական բանակի վերահսկողության տակ, մյուս մասը` թե ուկրաինացիներ քաղաքում չկան։ Անկախ աղբյուրներով հնարավոր չէ ստուգել այս հաղորդումների իսկությունը, ամեն դեպքում, համացանցում են հայտնվել Սուջայի բնակիչների տեսանյութերը, որոնք դուրս են գալիս կրակի տակ գտնվող քաղաքից.
«Ահա, դուրս ենք գալիս քաղաքից, նոր մարդկանց մեզ հետ վերցրեցինք: Մյուս կողմով գնանք, այստեղ կրակում են, արդեն ուղղաթիռներ են խփում, էս կողմում վտանգավոր է: Տես՝ հրդեհ, պայթյունից հետո, տես, մեքենան է վնասվել»:
«Տես, կրակում են, ամենուրեք՝ ականներ, տես՝ ապակին են ջարդել: Չէ, Կուրսկի ուղղությամբ մի գնա, պետք չէ, կրակում են, մեզ վրա են կրակում, պետք է շրջվել, կանգնել չի կարելի: Ո՞վ էր կրակում, մերո՞նք: Չէ, չգիտեմ, կանգնիր, կանգնիր, ռմբակոծում են»:
Ուկրաինական ստորաբաժանումներն այս պահին էլ, ըստ ամենայնի, Ռուսաստանի տարածքում են։ Սրա վկայությունն է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօրվա զեկույցը, որում միայն ասված է, թե ռուսական կողմին հաջողվել է կանխել ուկրաինացիների առաջխաղացումը։
Պաշտոնական աղբյուրները բավականին սակավախոս են։ Նախագահ Զելենսկին այսօր գովաբանել է ուկրաինական բանակին՝ ուղղակիորեն չանդրադառնալով Կուրսկի մարզում տիրող իրավիճակին. - «Բոլորը կարող են տեսնել, որ ուկրաինական բանակը գիտի, թե ինչպես զարմացնել, և գիտի, թե ինչպես հասնել արդյունքների»:
Երեկ՝ մարտերի երկրորդ օրը, լռությունը խախտել էր Ռուսաստանի նախագահը՝ Կուրսկի մարզի վրա հարձակումը «լայնածավալ սադրանք» որակելով։
Այսօր արդեն, քաղաքից դուրս գալու տեսանյութերին զուգահեռ, համացանցում նաև տեսանյութեր կան, որոնցում Սուջայի բնակիչները բողոքում են, որ իշխանություններն իրենց մենակ են թողել, որ կազմակերպված տարհանում չկա.
«Նրանք՝ ադմինիստրացիան, պարզապես տականքներ են, մեզ մենակ էին թողել, ոչ ոք չի օգնել մեզ դուրս գալ քաղաքից, մենք մենակ էինք, ամեն ինչ կորցրել ենք, մեր տունն էլ չկա», - ասում էր մի կին:
Պուտինն ի պատասխան հայտարարել է, թե կօգնեն մարդկանց. - «Քիչ առաջ խոսել եմ կառավարության նախագահի հետ՝ 10-հազարական ռուբլի Կուրսկի մարզի բոլոր տուժածներին միանվագ վճարելու որոշումը կայացվել է»։
Ռուսաստանի նախագահը խոստացել է նաև օգնել բնակարան կորցրած մարդկանց։
Ուկրաինայի այս հարձակումը Ռուսաստանի տարածքի վրա անսպասելի էր ու աննախադեպ, հատկապես վերջերս Կիևից հնչող՝ բանակցություններ սկսելու պատրաստակամության ֆոնին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն այսօր հայտարարել է, թե այս հարձակումը կարող է նաև միտված լինել Կիևի բանակցային դիրքերի ամրապնդմանը։
«Նրանք՝ ռուսները, վախից բացի այլ բան հասկանո՞ւմ են: Ոչ: Արդյո՞ք նրանք այլ բանի են արձագանքում, քան՝ վախը: Ոչ: Սա վերջապես պետք է հասկանալ: Ռուսաստանի Դաշնությունը ցանկացած փոխզիջում ընկալում է որպես ձեր թուլություն և ծնկի գալու պատրաստակամություն: Դուք կարող եք ճնշում գործադրել նրանց վրա, ինչ-որ բան ստանալ միայն մի դեպքում՝ եթե նրանք հասկանան, որ պատերազմն իրենց սցենարով չի ընթանում», - նշել է Պոդոլյակը:
Ռազմական հարցերով փորձագետ Իգալ Լևինը չի բացառում, որ ուկրաինական զորքերը փորձեն ճեղքել սահմանը նաև Ռուսաստանի Բելգորոդի մարզում։
«Բելգորոդի մարզի սահմանին մոտ կան մեծ թվով ուկրաինական ստորաբաժանումներ, որ այսօր փորձում են պահել Խարկովի մարզի Վոլչանսկ քաղաքը։ Եթե ռուսները ստիպված լինեն այստեղից զորքեր տեղափոխել այլ դիրքեր՝ Բելգորոդի կամ Կուրսկի մարզեր, ուկրաինացիները սահմանի այս հատվածում էլ կանցնեն առաջխաղացման», - նշում է փորձագետը:
Ռուս ռազմական բլոգերների մի մասն էլ կարծում է, թե ուկրաինացիների հիմնական նպատակը Կուրչատովի ատոմակայանն է, որ Ուկրաինայի հետ սահմանից 50 կիլոմետր է հեռու։