Արդեն երրորդ օրն է՝ Կուրսկի շրջանում մարտեր են ընթանում։
Այսօր առավոտյան շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը 7 հրթիռ և վեց անօդաչու թռչող սարք են խոցել։ Գիշերվա ընթացքում մի քանի անգամ հրթիռային տագնապ է հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, պնդում է, որ օգոստոսի լույս 8-ի գիշերը և առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի շրջանում 6 ԱԹՍ և 5 հրթիռ են ոչնչացրել։ Եվս 14 անօդաչու թռչող սարք, ըստ գերատեսչության, խոցվել է Բելգորոդի շրջանում։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն, ուկրաինական զորքերը հնարավոր է տասը կիլոմետր խորացած լինեն Կուրսկի շրջանի տարածք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած "Рыбарь" տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, ուկրաինացի զինվորականները գրավել են Սուջայի արևմտյան հատվածը։
Նշվում է, որ ռուսական կողմից այս տարածքը պաշտպանում են հիմնականում «տեղի զինյալները»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 6-ին հաղորդեց, թե առավոտից հակառակորդն ավելի քան 300 զինվորներով, 11 հրասայլերով ու 20 զրահապատ մեքենաներով հարձակվել է ռուսական դիրքերի վրա՝ սահմանամերձ շրջաններում։ Երեկոյան արդեն տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում է, որ մարտերում նաև ռազմական ավիացիա է ներգրավվել։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած խորհրդակցությանը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը զեկուցել է, թե Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը կասեցվել է։ Դատելով Գերասիմովի խոսքերից, սակայն, զեկուցման պահին առնվազն ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածքում դեռ շարունակվում էին. - «Ներկայումս «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակում են սահմանամերձ հատվածներում ոչնչացնել հակառակորդին: Գործողությունը կավարտվի հակառակորդին ջախջախելով և պետական սահման հասնելով»:
Ռուսաստանի նախագահը «լայնածավալ սադրանք» է որակել ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկ, որն, ըստ պաշտոնական Մոսկվայի, կասեցվել է երկօրյա կատաղի մարտերից հետո։
Սա Ռուսաստանի տարածք ուկրաինական ամենամեծ ներթափանցումն է 2022-ին պատերազմի մեկնարկից ի վեր։