Մատչելիության հղումներ

Մարտերի մասին տեղեկությունների ֆոնին՝ Կուրսկի շրջանի իշխանությունները բնակչությանը կոչ են անում արյուն հանձնել


Կուրսկի մարզի Սուջա քաղաքը հարվածներից հետո, 6-ը օգոստոսի, 2024թ․
Կուրսկի մարզի Սուջա քաղաքը հարվածներից հետո, 6-ը օգոստոսի, 2024թ․

Կուրսկի մարզում մարտերի մասին տեղեկությունների ֆոնին՝ նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը կոչ է արել բնակչությանն արյուն հանձնել։

«Արյուն հնարավոր է հանձնել Կուրսկի արյան փոխներարկման կենտրոնում և շարժական կայանում, որը կգործի մարզկենտրոնի Կարմիր հրապարակում: Կոչ եմ անում Կուրսկի բնակիչներին՝ անտարբեր չմնալ», - հայտարարել է նահանգապետի պաշտոնակատարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուրսկի շրջանում տուժածների թիվը հասել է 28-ի։

Սմիրնովը հայտարարել է, որ Սուջա քաղաքում շտապօգնության մեքենային ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել են վարորդն ու բուժաշխատողը, վիրավորվել է նաև շտապօգնության բժիշկը։

Ռուսաստանի երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան ասել է, որ օգոստոսի 6-ին տեղի ունեցած զանգվածային հարձակման հետևանքով վեց երեխա է վիրավորվել։

Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատարը Տելեգրամում գրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում շրջանը դիմադրում է հարձակումներին։ Սմիրնովի խոսքով՝ հակաօդային պաշտպանությունն օգոստոսի լույս 7-ի գիշերը Կուրսկի շրջանում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք է խոցել։

Ռուսական աղբյուրների համաձայն, Կուրսկի շրջանի Սուդժանսկի շրջանի Նիկոլաևո-Դարինո, Դարինո և Սվերդլիկովո բնակավայրերն անցել են ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ։

Պաշտոնապես դեռևս չհաստատված հաղորդումների համաձայն, երեկ Սուդժանսկի շրջան ներխուժած ուկրաինական զորքերին հաջողվել է դիրքավորվել սահմանային գոտում, այս պահին թեժ մարտեր են ընթանում Գոնչարովկայում և Օլեշնիայում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությաը մոտ կանգնած «Ռիբար» տելեգրամ ալիքի փոխանցմամբ, Օլեշնիայում ռուս զինվորականները պատերազմում են գրեթե շրջափակման պայմաններում, աղբյուրի համաձայն այս տարածքում մինչև 400 ուկրաինացի զինծառայող կա, ևս 2 հազարն էլ կենտրոնացել է սահմանի երկայնքով։

Ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան դեռևս չեն մեկնաբանում երեկվանից շրջանառվող այս տեղեկությունները։

Երեկ Ալեքսեյ Սմիրնովը հայտարարել էր, որ սահմանապահներն ու զինված ուժերը կանխել են ուկրաինացիների կողմից սահմանի ճեղքումը։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանամետ Տելեգրամ ալիքներն էին հայտնել, թե երեքշաբթի առավոտյան ժամը 9-ի սահմաններում ուկրաինական դիվերսիոն խումբը՝ մոտավորապես 100 զինված մարդ, ծանր տեխնիկայով անցել են պետական սահմանը, բայց հետ են մղվել։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն անվանել է «հերթական ահաբեկչություն խաղաղ բնակչության դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG