ԿԳՄՍՆ-ն «Դոպինգ Սփեյս»-ից պահանջել է պետբյուջե վերադարձնել Սնուփ Դոգի չեղարկված համերգի ողջ գումարը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը Սնուփ Դոգի չեղարկված համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նրանք ամբողջ տարի բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ նախատեսված ժամանակահատվածում քանի որ համերգը չի կայացել, ապա մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե», - ասել է նախարարը:

2023-ի հուլիսին հաղորդվեց, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգով հանդես կգա Երևանում։ Պետությունը շուրջ վեց միլիոն դոլար հատկացրեց ամերիկացի հայտնի ռեփերի համերգի համար։ Սակայն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիայից և իրականացրած ոճրագործություններից հետո համերգի կազմակերպիչները հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է՝ դատապարտելով Բաքվի գործողությունները։ Նախարարությունը «Դոպինգ Սփեյս»-ի հետ համաձայնագիր կնքեց, ըստ որի, համերգը պետք է կայանար 2024-ի ընթացքում։ Սակայն մինչ օրս համերգը չի կայացել, գումարներն էլ չեն վերադարձվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սնուփ Դոգի համերգի նպատակն է «նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից երաժշտարվեստի զարգացմանը»