Քելլոգը հետաձգել է այցը Կիև, նա Ուկրաինա կմեկնի Թրամփի երդմնակալությունից հետո

Քիթ Քելլոգ, արխիվ

ԱՄՆ գալիք վարչակազմում Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հետաձգել է իր փաստահավաք այցը Կիև։

Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին մոտ կանգնած չորս աղբյուրները, նշում է, որ Քելլոգը Կիև, Հռոմ և Փարիզ կայցելի նորընտիր նախագահի «երդմնակալության արարողությունից (հունվարի 20) հետո»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քելլոգը կայցելի Կիև հունվարի սկզբին՝ հանդիպելու Ուկրաինայի ղեկավարության հետ։ Նախատեսված էին նաև հանդիպումներ Հռոմում և Փարիզում։

Գործակալության աղբյուրները Եվրոպա այցի հետաձգման պատճառները չեն նշել։ Քելլոգը, ինչպես նաև Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ կարող է կանգնեցնել Ուկրաինայում պատերազմը պաշտոնը ստանձնելուց հետո 24 ժամվա ընթացքում։

Reuters-ն ընդգծում է, որ Թրամփը, սակայն, քիչ բան է արել խնդրի լուծման համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հակամարտությունն արագ դադարեցնելու փորձերը մնում են եկող վարչակազմի հիմնական առաջնահերթությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք փորձում ենք կանգնեցնել սարսափելի պատերազմն» Ուկրաինայում․ Թրամփ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը կարող է վճռորոշ դեր խաղալ պատերազմի ավարտի հարցում․ Զելենսկի